
Ռուս հետախույզները «դիպուկահարների մենամարտեր» են սկսել Հայաստանի լեռներում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների ու հրաձգային վաշտի զինծառայողները սկսել են մարտավարական «դիպուկահարների մենամարտեր»:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Վարժանքին մասնակցում է ավելի քան 100 զինվորական: Դիպուկահարների մրցույթը անցկացվում է երկու թիմի միջև:
Մենամարտերի անցկացման ժամանակ դիպուկահարները կիրառում են կրակային դիրքի ընտրության, ձեռքի տակ եղած միջոցների օգտագործմամբ քողարկման ու բալիստիկ ուղղումներով նշանառու կրակ վարելու իրենց հմտությունները:
Ընդգծվում է, որ դիպուկահարների մենամարտերը կրում են ուսումնական-մրցութային բնույթ, որոնք հանդիսանում են դիպուկահարների պատրաստության ամփոփիչ փուլ: