
ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ-ի թշնամին չէ. Բորդյուժա

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեկ Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ին չի համարում իր թշնամի.
«Գոյություն չունի բլոկային դիմակայություն, քանի որ այսօր մենք չենք համարում, թե ՆԱՏՕ-ն մեր թշնամին է: Մենք շարունակում ենք համարել, որ ունենք նույնպիսի առաջադրանքներ՝ մեր դաշինքների անդամ երկրների անվտանգության ապահովում, մեր պետությունների կայուն գործունեության ապահովման պայմանների ստեղծում, թմրաբիզնեսի կանխում:
Այլ բան է, որ ՆԱՏՕ-ն մեզ դիտարկում է որպես անցանկալի կառույց, որի հետ պետք չէ համագործակցել, քանի որ դրանով իսկ կնպաստի հետխորհրդային տիրույթի ինտեգրացիոն գործընթացներին: Սակայն ես մեծապես հուսով եմ, որ մենք զերծ կմնանք բլոկային այդ դիմակայությունից, համենայն դեպս մեր կողմից արվում է ամեն բան, որպեսզի որևէ կերպ չսրվի իրավիճակը»:
Բորդյուժան հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը քանիցս համագործակցության մասին առաջարկներ է արել ՆԱՏՕ-ին, որոնք նրա կարծիքով՝ կարող էին մեծ օգուտներ բերել՝ ժամանակակից սպառնալիքների ու մարտահրավերների դեմ պայքարում երկու կառույցների պոտենցիալները միավորելով: