Ազնավուրը մոսկովյան համերգից հետո կհանդիպի իր երգերը կատարող տատիկին

Մարտի 17-ի երեկոյան «Կոմերսանտ» թերթի լրագրող Ալեքսանդր Չեռնիխը ֆեյսբուքյան իր էջում պատմեց մոսկովյան մետրոյում տարեց մի կնոջ՝ Լիդայի հետ ունեցած հետաքրքրիր հանդիպման մասին. տատիկը նրա համար ֆրանսիացի կատարողների շատ հայտնի երգեր էր երգել: Իմանալով, որ երիտասարդ տարիքում Լիդան Շառլ Ազնավուրի երկրպագուն է եղել, լրագրողը ցանկացավ նրան տանել ֆրանսահայ շանսոնյեի՝ Մոսկվայում կայանալիք ապրիլյան համերգին և թողեց իր հեռախոսահամարը:

Հաջորդ օրը կինը գտնվեց:

Չեռնիխը տարեց կնոջ հետ ծանոթացել էր մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում՝ թերթերի կրպակի մոտ, և առաջարկել նրա համար ամսագիր գնել: Վերջինս ասել էր, որ պարզապես հիանում է Ազնավուրի ազդագրով: Դրանից հետո տատիկը լրագրողի համար մի քանի ֆրանսերեն երգեր է երգել հենց շարժասանդուղքի վրա: Այդ ամենը լրագրողը տեսանկարահանել էր և տատիկին առաջարկել կրկին հանդիպել և ավելի բարձրորակ տեսանկարահանում կատարել:

Նա թողնում է իր հեռախոսահամարը, քանի որ Լիդա տատիկը հեռախոս չուներ:

«Հույս ունեմ, որ նա ամեն դեպքում կզանգի, և ես նրան կհրավիրեմ Ազնավուրի համերգին»,- իր պատմությունն այսպես էր ավարտել Ալեքսանդր Չեռնիխը:

Ահա թե ինչպես էր եղել դեպքը.

Երեկ քայլում էի «Պուշկինսկիով»: Աչքի պոչով նկատեցի, որ թերթի կրպակի մոտ մի տատիկ է կանգնած… Կանգնել և նայում էր ամսագրերին՝ կարծես ցանկանալով ինչ-որ բան գնել: Մոտեցա և հարցրի, թե արդյոք չի՞ ցանկանա, որ նրա համար ամսագիր գնեմ: Իսկ նա զվարթ ձայնով պատասխանեց.

– Ոչ, ի՞նչ եք ասում: Ուղղակի հիանում եմ Ազնավուրի նկարով: Տեսեք՝ ինչ գեղեցիկ է ազդագրի նկարում, իսկ ես նրա երգերը շատ եմ սիրում: Այստեղ գրված է, որ Ազնավուրի համերգը «Կրոկուսում» է տեղի ունենալու, իսկ ես նույնիսկ չգիտեմ, թե դա որտեղ է. երբեք այդպիսի համերգասրահներում չեմ եղել:

Իսկ Դուք գիտե՞ք:

Ես էլ չգիտեի, և այն է՝ ուզում էի հեռախոսս հանել համացանցում փնտրելու համար, հանկարծ անսպասելիորեն տատիկն ինձ թևանցուկ արեց, և մենք հանդիսավոր կերպով մոտեցանք շարժասանդուղքին:

– Գիտեք, ես միշտ սիրել եմ ֆրանսիական երգեր՝ Ազնավուրին, Ջո Դասենին:

Հիշո՞ւմ եք՝ ինչպես էր երգում՝

«oo, Champs-Elysees,

ооо, Champs-Elysees..

Au soleil, sous la pluie,

а midi ou a minuit…»

Անսպասելիորեն տատիկը հենց շարժասանդուղքի վրա սկսեց երգել Դասենի երգերը: Պարզվեց, որ նա հիանալի ձայն ունի և ֆրանսիական հրաշալի առոգանություն: «Ելիսեյան դաշտերից» հետո նա սկսեց երգել «Et si tu n’existais pas»-ը, ապա «Je ne regrette rien»-ը, որն ինձ ավելի հուզիչ թվաց, քան Պիաֆի կատարմամբ:

Aznavur-nyut

Ես զգուշորեն սկսեցի ձայնակցել նրան, իսկ հետո չդիմացա. հանեցի հեռախոսն ու սկսեցի տատիկին թաքուն տեսանկարահանել: Հետո, երբ հասանք կայարանին, ես ամաչեցի ու Լիդա տատիկից թույլտվություն վերցրի նրան ձայնագրելու: Նա ուրախ համաձայնեց: Մենք կանգնեցինք և սպասեցինք, որ ձայները լռեն:

– Իսկ որտե՞ղ եք Դուք այսքան լավ ֆրանսերեն սովորել:

– Չէ, ես ֆրանսերեն չգիտեմ,- ծիծաղեց տատիկը,- պարզապես սիրում եմ երգել: Գիտե՞ք, 60-ականներին գրադարաններում այդպիսի հատուկ կաբինետներ կային: Գալիս էիր, ականջակալներով երգ լսում և հիշում բառերը:

Ցավոք, իմ գնացքը մոտեցավ: Ես հրաժեշտ տվեցի Լիդա տատիկին և խնդրեցի, որ անպայման ինձ զանգի, որպեսզի ես նրան կարողանամ ուղեկցել Ազնավուրի համերգին:

Այս դեպքի մասին հրապարակելուց հետո ես բազմաթիվ նամակներ ստացա անծանոթ մարդկանցից, որոնք պատրաստակամություն էին հայտնում գտնել Լիդա տատիկին:

Անհավատալի է, բայց ինձ գրեցին նաև Մոսկվայում Շառլ Ազնավուրի համերգի կազմակերպիչները և տեղեկացրին, որ պարոն Ազնավուրն ուրախ կլինի համերգի ավարտից հետո ծանոթանալ իր վաղեմի երկրպագուի հետ:

Շատ հաճելի էր, որ ինչպես՝ անհատ մարդիկ, այնպես էլ՝ կազմակերպություններ, տարբեր խմբագրություններ պատրաստակամություն հայտնեցին օգնել ձեռք բերել Ազնավուրի համերգի տոմսեր:

Խորին շնորհակալություն բոլոր բարի ու սրտացավ մարդկանց աջակցության համար:

Իսկ հիմա՝ ամենակարևորի մասին:

Մեկ օր անց՝ մարտի 18-ին, Barev.Today կայքի լրագրողները տատիկին գտան. պատահաբար տեսել էին փողոցում ու մոտենալով՝ զրույցի բռնվել:

Միայն մի խնդիր կա. Լիդա տատիկն ամաչում է համերգին գնալ:

Հույս ունեմ՝ մինչև համերգը կկարողանանք համոզել:

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս