«ԵՄ-ն ՀՀ-ին կառաջարկի հատուկ համաձայնագիր՝ հատուկ կարևորության տնտեսական բաղադրիչով». ԵԽ փոխնախագահ
168.am-ի զրուցակիցն է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, «Եվրանեսթ» ԽՎ բյուրոյի անդամ, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի ներկայացուցիչ Ռիչարդ Չարնեցկին
– Պարոն Չարնեցկի, Հայաստանում առաջին անգամ գումարվեց «Եվրանեսթի» լիագումար նիստ, որը բավականին կարևոր իրադարձություն է: Սակայն հետաքրքրականն այն է, որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է, և ՀՀ-ում «Եվրանեսթի» նիստ է կայանում: Ինչո՞վ էր այս իրադարձությունը կարևոր Հայաստան-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից:
– Մենք հարգում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի կայացրած ընտրությունը, որոշումը՝ միանալ նոր քաղաքական կառույցի: Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ այս կառույցը չունի երկար ապագա, ամեն դեպքում: Ակնհայտորեն, մենք շատ լավ ծանոթ ենք ձեր երկրի աշխարհաքաղաքական վիճակին և ես հասկանում եմ, որ ձեր քաղաքական ընտրությունը կախված է անվտանգության պատճառներից: Մենք փորձում ենք հասկանալ, բայց դեռևս չենք կարող ձեզ այլընտրանք առաջարկել: «Դուք գնում եք կամ Ռուսաստանի հետ, կամ մեզ հետ»-ը թյուր մոտեցում է, և մենք հիմա պատրաստվում ենք առաջարկել նոր համաձայնագիր՝ առանց քաղաքական բաղադրիչի, բայց ավելի շատ՝ կոնկրետ տնտեսական խնդիրներով, քանի որ ԵՏՄ-ն, ըստ էության, քաղաքական համագործակցություն է ենթադրում: Կարծում եմ, որ դա այս պահի դրությամբ լուծում կլինի և իրական հնարավորություն՝ մեր երկկողմ հարաբերություններում առաջընթաց գրանցելու ճանապարհին:
– Սա այն տարբերակված մոտեցո՞ւմն է, որի մասին օրերս իրենց հրապարակային ելույթներում խոսեցին Ֆեդերիկա Մոգերինին և Յոհանես Հանը, այսինքն` տարբերակված մոտեցում՝ ԱլԳ յուրաքանչյուր երկրի հավակնությանը համապատասխան:
– Այո, հենց դրա մասին է խոսքը: ԱլԳ յուրաքանչյուր երկիր ճանապարհ է ընտրում, և ըստ այդ ճանապարհի՝ քաղաքականություն է մշակվում, թեև Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան ընտրեցին ասոցիացումը, և նրանց զարգացման արագությունները, բնականաբար, կլինեն միանման: Իսկ Հայաստանը ցանկանում է համադրել, ինչը մենք փորձում ենք հասկանալ ու լուծումներ առաջարկել:
– Ինչպես նշեցիք, որոշման հիմքում անվտանգության գործոնն էր: Հայաստանյան լիբերալ ուժերն ակնկալում են որոշակի անվտանգության երաշխիքներ կամ ինչ-ինչ տարբերակներ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից անվտանգության ոլորտում մեղմելու ուղղությամբ, այնինչ Ձեր գործընկերները մերժում են նման հնարավորությունները: Դուք ի՞նչ եք կարծում այդ մասին:
– Եվս մեկ անգամ նշեմ, որ Դուք եք ընտրել՝ միանալ այդ միությանը: Բայց ես հասկանում եմ, որ դուք ցանկանում եք հավասարակշռություն մտցնել արտաքին քաղաքականության մեջ, և ես նաև հասկանում եմ ձեր ազգային շահը դրանում: Ես կարծում եմ, որ ԵՄ-ի հետ սերտ կապերը կլինեն ամենալավ դիրքը՝ Արևմուտքից պահանջելու իրական աջակցություն անվտանգության ոլորտում ձեր պաշտպանական քաղաքականության համար: Սա չափազանց կարևոր է, միևնույն ժամանակ՝ հեշտ, անհրաժեշտ են սերտ կապեր, որի արդյունքում կարելի է նման պահանջներ դնել:
– Պարոն Չարնեցկի, ինչպիսի՞ տեսք, անուն կունենա ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագիրը, դա կլինի Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրի՞չը մեկ այլ անվան ներքո, թե՞ բոլորովին նոր համաձայնագիր՝ նոր շեշտերով: Արդյոք կհաջողվի՞ մինչև Ռիգայի գագաթաժողովը հստակություն մտցնել ՀՀ-ԵՄ հարաբերություններում:
– Բնականաբար, չի լինի այլևս Ասոցացման համաձայնագիր Հայաստանի համար, քանի որ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան ընտրեցին ասոցիացման ուղղությունը, իսկ Հայաստանը` ոչ, թեև մենք այն հարգում ենք: Սակայն ես կարծում եմ, որ հնարավոր է համաձայնագիր Հայաստանի հետ ոչ այն խորությամբ, ինչ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում, բայց հատուկ համաձայնագիր Հայաստանի համար՝ հատուկ կարևորության տնտեսական բաղադրիչով: Չեմ կարծում, որ այն շատ ընդարձակ կլինի, բայց կլինի մեկ քայլ առաջ, ինչը կարևոր է: Մենք Հայաստանին առաջարկում ենք համագործակցություն ԵՄ-ի հետ այն ժամանակ, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ է: Ռիգային հասցնելը կախված է բանակցությունների ընթացքից, այս պահին դժվար է հստակ ժամկետներ նշել: