«Եթե ինչ-որ մի բան վաճառվեր, կիմանայինք». էկոնոմիկայի նախարարը՝ ՀԷՑ-ի վաճառքի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղյակ չէ արդյոք «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վաճառքի մասին: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, թե կարող է և գործարք տեղի չի ունեցել:
«Եթե ինչ-որ մի բան վաճառվեր, տեղեկություն կլիներ, կիմանայինք: Չեմ կարծում, որ դա կարող է ինչ-որ մեկին անակնկալի բերել: Բաժնետոմսերի վաճառքը ինչ-որ մի ընկերությունից մյուսին, չեմ կարծում, որ երկրի մասշտաբով շատ մեծ իրադարձություն է»,- ասաց Կ.Ճշմարիտյանն ու խորհուրդ տվեց նույնիսկ որևէ սրճարան մտնելիս նայել ոչ թե ով է սեփականատերը, այլ ծառայությունների որակին ու գնին:
Հիշեցնենք, որ «Հժ»-ն գրել էր, որ ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ»-ի կազմում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցերում»՝ ՀԷՑ-ում, ռուսական կողմի հրահանգով այս օրերին որևէ գործարք տեղի չի ունենում և «ընդունում-հանձնում» է ընթանում: Թերթի աղբյուրների համաձայն՝ ՀԷՑ-ը գնել է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանն է: