Բորիս Նեմցովի սպանության համար հատկացվել է 5 միլիոն ռուբլի. մամուլ
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է ֆրանսիական Charlie Hebdo պարբերականի ծաղրանկարների հարցում իր հրապարակավ դիրքորոշման համար: Նրան ոչնչացնելու գործողության համար հատկացվել է 5 միլիոն ռուբլի:
Այս մասին են վկայել Նեմցովի սպանության գործի հետաքննման նյութերը: Դրանց համաձայն՝ Զաուր Դադաևը, Անզոր Գուբաշևը և Բեսլան Շավանովը 2015 թվականի հունվարի կեսին ընդունել են անհայտ (ինքնությունը չպարզված) անձանց առաջարկը՝ Բորիս Նեմցովի սպանությունը նախապատրաստելու և իրականացնելու համար՝ կապված Charlie Hebdo-ի ծաղրանկարներին հրապարակավ, ակտիվ աջակցություն ցուցաբերելու հետ:
Քննիչները կարծում են, որ ենթադրյալ մարդասպան Զաուր Դադաևը գործել է ոմն անձանց պատվերով, որոնք կիսել են նրա կրոնական հայացքները և գործողության համար հատկացրել են 5 միլիոն ռուբլի: Վստահեցվում է, որ Դադաևը, Գուբաշևը և Շավանովը փետրվարի սկզբին սկսել են հետևել Նեմցովին՝ ուսումնասիրելու համար նրա բնակատեղիի շուրջ տիրող իրավիճակն ու նրա առօրյա տեղաշարժերի երթուղիները:
Փետրվարի 27-ի երեկոյան Շավանովը հետևել է Նեմցովին ու նրա հետ ռեստորանում ընթրող Աննա Դուրիցկայային, և երբ նրանք լքել են շենքը, Շավանովն այդ մասին իրազեկել է Դադաևին, ինչից հետո Անզոր Գուբաշևի ու ինքնությունը չպարզված անձանց հետ վերահսկել է հարակից տարածքը՝ ապահովագրելով սպանությունն իրականացնողին:
Ապա Դադաևը մոտակա կամրջի մոտ սպանել է Նեմցովին, ինչից հետո նրան ավտոմեքենայով դեպքի վայրից հեռացրել է Գուբաշևը: