Վերնիսաժի գործով ամբաստանյալը տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց, մյուսն էլ վատառողջ էր
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցների գործի քննությունը: Դատարան չէին ներկայացվել գործով երկու ամբաստանյալներ Ներսես Մելքոնյանն ու Վալերիկ Հովհաննիսյանը. ըստ նիստերի քարտուղարի հայտարարության՝ քրեակատարողական հիմնարկից գրություն էր ստացվել այն մասին, որ Վալերիկ Հովհաննիսյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, իսկ Ներսես Մելքոնյանը վատառողջ լինելու պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին:
Դատավորը տեղեկացրեց, որ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանից միջնորդություն է ստացվել իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ: Սակայն, նկատի ունենալով, որ ամբաստանյալները չէին ներկայացվել, դատարանը գտավ, որ հնարավոր չէ քննել այդ միջնորդությունը, ինչպես նաև շարունակել գործի քննությունը: Դատական նիստ հետաձգվեց, հաջորդը տեղի կունենա ապրիլի 13-ին: