Դիք Չեյնին Օբամային անվանել է ԱՄՆ պատմության մեջ ամենավատ նախագահ
The Huffington Post-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին կոշտ քննադատության է ենթարկել գործող նախագահ Բարաք Օբամային՝ նրան անվանելով ԱՄՆ-ի ողջ պատմության մեջ ամենավատ նախագահ:
Չեյնին հայտարարել է, որ Օբաման ու գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերն ընդդիմադիրների հետ վեճերի ժամանակ գործի են դնում ռասայական խաղաքարտը՝ նրանց մեղադրելով սեփական մաշկի գույնի պատճառով իրենց վրա հարձակումներ գործելու մեջ:
Չեյնին անհիմն է համարել այդ մեղադրանքները՝ գտնելով, որ Օբաման ու Հոլդերն արժանի են քննադատության՝ իրենց արարքների ու անիրազեկության համար, և որ ռասայական պատկանելությունը կապ չունի այստեղ:
Չեյնին նաև դատապարտել է Ֆերգյուսոնի իրադարձությունների կապակցությամբ Օբամայի վարչակազմի արձագանքը, ուր ոստիկանը սպանել էր սևամորթ անզեն դեռահասի, ինչն էլ հանգեցրել էր զանգվածային անկարգությունների. «Մահը մշտապես աղետալի է, սակայն ոստիկանը գործել է ճիշտ և ինքնապաշտպանության շրջանակներում»:
Դիք Չեյնին աշխատել է հանրապետական 4 նախագահների վարչակարգերում: 1989-1993 թվականներին նա զբաղեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարարի, իսկ 2001-2009 թվականներին՝ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնները: