«Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև կընդունի

«Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովը կընդունի բանաձև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված: Այսօր ՀՀ ԱԺ-ում ընթացող ԽՎ 4-րդ լիագումար նիստում ՀՀ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը ներկայացրեց բանաձևը: Ըստ նրա՝ այս բանաձևը եվրոպական արժեքների հիման վրա է մշակվել, մարդու իրավունքների պաշտպանություն և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելում:

«Ժամանակակից Թուրքիան պետք է վերջ դնի նախորդ դարի ցեղասպանությանը՝ հետ կանգնելով դրա մերժումից»,- ասաց Ա.Զաքարյանը՝ նկատելով, որ 100-րդ տարելիցը վերջը չէ, սկիզբն է պայքարի: Նա նշեց, որ Ռուանդայի, հրեաների և այլ բոլոր փոքր ազգերի ցեղասպանությունները պետք է դատապարտել: Ա.Զաքարյանը հիշեցրեց, որ Հիտլերն ասել էր՝ «իսկ ո՞վ է հիշում այսօր հայերի բնաջնջումը»:

«Առաջադրված բանաձևի ընդունումը կլինի մեր բոլոր ներդրումը ցեղասպանական հանցագործությունների դատապարտման գործում»,- ասաց Ա.Զաքարյանն ու առաջարկեց ազդարարել տեսակետ՝ հանուն արդարության վերականգնման՝ կարեկից ու միասնական լինել ցեղասպանություն ապրած ժողովրդի պայքարին, քանի որ պատմությունն ապացուցել է, որ միասնականության մեջ է հաջողությունը:

Եվրախորհրդարանի անդամ Սանդրա Կալնիետեի խոսքով՝ ցեղապանությունը սարսափելի ոճրագործություն է և այս 100 տարիների ընթացքում ցեղասպանությունը շարունակական կատարվել է: Նա կարևորեց, որ յուրաքանչյուր անգամ հստակ հանդես գան դրա դեմ, և յուրաքանչյուր երկիր, որի խղճի վրա է ցեղասպանության կատարումը, քաջություն ունենա և ընդունի:

Ուկրաինայի պատվիրակության անդամ Իգոր Ալեքսեևը հայտարարեց, որ իրենք չեն քվեարկի բանաձևին՝ Ուկրաինայի հարցում ՀՀ դիրքորոշման պատճառով, որ աջակցում են ՌԴ-ին, նաև 1933-ին Հոլոդոմորի ժամանակ Ուկրաինայի կողմից բազմաթիվ զոհեր են եղել, որ ՀՀ-ն չի ճանաչում:

Գերմանացի պատվիրակ Կնուտ Ֆլեկեշտայնի կարծիքով՝ չի կարելի լավ ապագա կառուցել, եթե չեն հաշտվում անցյալի հետ: Նա նշեց, որ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի անցյալի մասն է կազմում. «Ամբողջությամբ դրժելով պատմությունը՝ նպաստում ես, որ ցեղասպանությունները կրկնվեն: Լավ կլիներ, որ մեր թուրք բարեկամները մեր կողքին լինեին, և մենք աջակցեինք նրանց»:

Տեսանյութեր

Լրահոս