Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միությունն էներգետիկ ոլորտում բացում է նոր հորիզոններ. Իլհամ Ալիև
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցման հիմնարկեքին մասնակցելու նպատակով Կարսում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ TANAP գազատարի նախագծի վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվել է երեք տարի առաջ, Ստամբուլում.
«Այսօր մենք արդեն դնում ենք այդ նախագծի հիմքը: Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միությունն էներգետիկ ոլորտում բացում է նոր հորիզոններ: Մեր իրականացրած համատեղ էներգոնախագծերը մեր ժողովուրդների համար ստեղծում են նոր հնարավորություններ, նոր աշխատատեղեր, մեծացնում են մեր քաղաքական ու տնտեսական հզորությունը»:
Ալիևի խոսքերով՝ ադրբեջանական SOCAR-ը Թուրքիայում ներդրել է 20 միլիարդ դոլար, իսկ այժմ սկսել է ներդնել նաև կրթական ոլորտում՝ կառուցելով դպրոցներ ու վարժարաններ: TANAP-ի կառուցման մեկնարկի արարողությանը մասնակցում է նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: