Գարիբաշվիլին Ախալցխայում ներկայացրել է «Ուժեղ տարածաշրջան, ուժեղ Վրաստան» նախագիծը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին գործարարներին կոչ է արել իրականացնել ցանկալի բիզնես նախագծեր: Գարիբաշվիլին այդ մասին հայտարարել է Ախալցխայում «Ուժեղ տարածաշրջան, ուժեղ Վրաստան» նախագծի շնորհանդեսի ժամանակ, որին ներկա են գտնվել նաև բիզնեսի ներկայացուցիչները.
«Ցանկանում եմ ասել, որ ընտրությունը բավական մեծ է: Կառավարությունը, տեղական իշխանությունները կաջակցեն այդ հարցում և ամեն կերպ կնպաստեն, որ ձեր բիզնեսը լինի հաջող: Վստահ եմ, որ դրանից կշահի թե՛ ձեր բիզնեսը, թե՛ պետությունը, թե՛ մեր ժողովուրդը:
Վերջիվերջո, իսկապես կզգացվեն տնտեսական առաջընթացի արդյունքները: Դուք քաջատեղյակ եք, թե ինչ պայմաններում է հարկադրված եղել ապրել տարածաշրջանի բնակչությունը: Յուրաքանչյուր տարածաշրջանում գոյություն ունեն տարիներով կուտակված խնդիրներ, բավականաչափ ուշադրություն չի հատկացվել այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են ջուրը, ճանապարհները:
Մենք ցանկանում ենք փոխել այդ իրականությունը, մեզ անհրաժեշտ է ռեալ գործ՝ իսկապես պատմական հուշարձանների վերականգնում, իսկապես գործող ձեռնարկություններ՝ թեկուզև փոքր, զարգացած քաղաքներ, շրջաններ: Եվ այս բարդ փուլում ձեր՝ գործարարների մասնակցությունը չափազանց կարևոր է: Ես հավատում եմ ձեր հայրենասիրությանը»: