«Մենք չպետք է ԵՄ-ից ակնկալենք անվտանգության որևէ լուրջ խոստում». Ռիչարդ Կիրակոսյան

«Երևանի և Բրյուրսելի միջև քաղաքական կամքի և հանձնառության նոր իմաստավորման կարիք կա` ՀՀ-ԵՄ հարաբերությունները փրկելու և պահպանելու համար: Հիմա մենք աշխատում ենք ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր շրջանակը հստակեցնելու ուղղությամբ, որը շատ ավելի նեղ է նախորդ՝ Ասոցացման համաձայնագրի համեմատ: Սակայն, ամեն դեպքում, Ռիգայի գագաթնաժողովը Արևելյան հարևանության շրջանակում բանակցությունների և գործընթացի սկիզբն է լինելու և ոչ թե ավարտը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագայի մասին:

Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունն այժմ շատ ավելի դանդաղ է առաջ շարժվում, ոչ այնպես արագ, ինչպես պետք է՝ ի տարբերություն նախկին Ասոցացման համաձայնագրի դեպքում: Ռ.Կիրակոսյանը նշեց, որ ՀՀ-ն դեռ պետք է հստակեցնի ԵՄ հետ համագործակցության բոլոր հիմնական ուղղությունները. «Մենք գիտենք, որ ԵՄ-ի հետ ՀՀ-ի հնարավոր համագործակցության մի շարք ուղղություններ են մնացել, օրինակ՝ արդարադատությունը, իրավական համակարգը, ՏԻՄ ոլորտը, ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտները»:

Հարցին, թե ԵՄ-ն կարո՞ղ է անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին, Ռ. Կիրակոսյանը պատասխանեց, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը երբեք չի առնչվել անվտանգության հարցերին և մենք չպետք է ԵՄ-ից ակնկալենք անվտանգության որևէ լուրջ խոստում: Նա նշեց, որ խոսքը ոչ թե ՀՀ անվտանգության, այլ անապահովության մասին է: Ռ. Կիրակոսյանի կարծիքով՝ սա կարևոր հնարավորություն է հայկական կողմի համար չընկրկելու ՌԴ ԵՏՄ նախագծի առջև:

«ՀՀ-ն այսօր ավելի պակաս անվտանգ է ԵՏՄ կազմում, քան նախկինում: Կա անապահովության բարձր մակարդակ: Ադրբեջանական սադրանքները ՀԱՊԿ և ԵՏՄ կողմից համարժեք արձագանք չեն ստացել»,- հայտարարեց նա:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս