Օբաման պատրաստվում է շատ վատ համաձայնագիր ստորագրել Իրանի հետ. ամերիկացի սենատոր
Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելը զգուշացրել է, որ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ «շատ վատ համաձայնագիր» ստորագրել Թեհրանի հետ.
«Ըստ ամենայնի, (Օբամայի) վարչակազմն ուր որ է՝ շատ վատ համաձայնագիր կստորագրի աշխարհի ամենավատ ռեժիմներից մեկի հետ»: Թեհրանն ու Վաշինգտոնը երկխոսում են Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների շրջանակներում: Պլանավորված է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիր ստորագրել մինչև ընթացիկ տարվա հուլիս:
Երեկ Լոզանում բանակցությունները վերսկսել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Նրանց նախորդ երկկողմ հանդիպումը Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում ստորագրվել է մարտի սկզբին: