«Զարուհու՝ մեր ընդհանուր գործընկերների հասցեին արված որոշ արտահայտություններ, այն էլ մինչև անհրաժեշտ պարզաբանումները լսելը, համարում եմ անընդունելի»
«Ժառանգություն» կուսակցության անդամ, կուսակցության մամուլի նախկին խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում-գրառում է կատարել վերջին օրերին «Ժառանգությունում» տեղի ունեցող աղմկահարույց իրադարձությունների վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
««Ժառանգության» ներկայացուցիչների՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասով:
Քանի որ հայտարարվել էր, որ առաջիկայում վարչության նիստ է հրավիրված եւ կքննարկվի այս հարցը եւ կներկայացվեն պարզաբանումներ՝ մտածում էի զերծ մնալ առաջ ընկնելուց եւ տեղի ունեցածը մեկնաբանելուց: Բայց կարծես թե ներկուսակցական լարվածություն կա, որը կարիք ունի թուլացման, մանավանդ, որ կողքից թեժացնողներն ու հրահրողները շատ են: Ես պարտավոր եմ որոշ պարզաբանումներ մտցնել ոչ միայն քանի որ երկար տարիներ եղել եմ կուսակցության կանոնադրական խորհրդի ղեկավար, այլ նաեւ քանի որ այժմ, լինելով կուսակցության շարքային անդամ, այդուհանդերձ հրավիրված եմ եղել վերջին խորհրդակցությանը:
Ամեն դեպքում կաշխատեմ հակիրճ լինել.
1. Նախ, ընդհանրապես անընդունելի եմ համարում երկրի դե-ֆակտո նախագահի հետ հանդիպման փաստի կարեւորությունը ուռճացնելը եւ դրանից ինչ որ հեռու գնացող հետեւություններ անելը: «Ժառանգությունը», ինչպեսեւ ցանկացած իրեն հարգող կուսակցություն, ինքն է որոշում իր քաղաքական քայլերի տրամաբանությունը եւ հերթականությունը: Եթե իր գոյության 12 տարիների ընթացքում ինչ որ մեկի մոտ դեռ կասկածներ կան «Ժառանգության» ազնվության եւ անկաշառության պահով՝ կարծում եմ դա արդեն նման կասկածներ ունեցողների խնդիրն է:
2. Վարչության նիստ հանդիպմանը նախորդող օրը չի եղել, եղել է խորհրդակցություն, որը հրավիրել էր Արմեն Մարտիրոսյանը՝ ճշտելու համար վարչականների եւ որոշ կուսակցականների կարծիքները մի քանի խնդիրների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի կողմից միջնորդավորված ձեւով ստացված հանդիպման հրավերի մասով: Ամբողջ ճշմարտությունը չէ ո՛չ այն, որ քննարկումը սեւ-սպիտակ վերջնական արդյունքների է բերել զուտ «գնալ-չգնալու» հարթության վրա եւ ոչ էլ այն, որ որեւէ վարչության որոշում է կայացվել այդ կապակցությամբ:
Եղել են նրբերանգներ, այդ թվում քննարկվել է այն, թե ինչ հանգամանքներում եւ պայմաններում է հնարավոր նման հանդիպումը: Սակայն քանի որ քննարկման արդյունքներում հստակությունը քիչ էր, իչսկ անորոշությունները՝ շատ, ինձ համար գոնե հասկանալի է, թե ինչի է տարբեր վարչականների եւ հրավիրվածների մոտ կարող էր ոչ միանշանակ տպավորություն ձեւավորվել վերջնական արդյունքի մասով: Կարծում եմ, որ դա բոլորիս թերացումն է: Բայց գոնե վարչության որոշում այդ մասով չի եղել:
3. Կուսակցության ղեկավարի բացակայության ժամանակ ըստ կանոնադրության կուսակցության փոխնախագահն է իրականացնում նրա լիազորությունները եւ բազմաթիվ հարցերի վերաբերյալ, եթե չկա վարչության որոշում հակառակի մասով՝ իրավունք ունի միանձնյա որոշումներ կայացնել: Սա Արմենի Մարտիրոսյանի՝ լիազորված լինել-չլինելու կամ կուսակցություն ներկայացնել-չներկայացնելու մասով:
Ընդհանրապես կուսակցության ղեկավարի, այն էլ՝ ընդդիմադիր, հասարակության վստահությունը վայելող կուսակցության ղեկավարի կարգավիճակը ծանր եւ պատասխանատու բան է, ի տարբերություն կողքից քննադատողների կարգավիճակի: Երբեմն կարիք է լինում կայացնել բարդ որոշումներ, ոչ միշտ հաճելի բոլորի համար:
4. Արմենի ազնվության, անկաշառության եւ այսօրվա խայտառակ իրավիճակի եւ իշխանությունների հանդեպ ընդդիմադիր լինելու վրա մի գրամ չեմ կասկածում, ինչպեսեւ, վստահ եմ, կուսակցականների եւ վարչականների բացարձակ մեծամասնությունը: Ցանկացած էմոցիոնալ պոռթկումները թույլատրելի են, երբ չափի մեջ են եւ տեղավորվում են բանականության եւ ազնվության շրջանակներում, այնպես որ Զարուհու՝ մեր ընդհանուր գործընկերների հասցեին արված որոշ արտահայտություններ, այն էլ մինչեւ անհրաժեշտ պարզաբանումները լսելը, համարում եմ անընդունելի: Նման մեղադրանքներ պարբերաբար բոլորիս, այդ թվում նույն Զարուհու հասցեին էլ լինում են, սակայն չարակամների եւ ծախու գրչակների կողմից եւ մեզ չի սազում իրար հասցեին նման բաներ ասելը, մանավանդ ով-ով բայց բոլորս էլ քաջատեղյակ ենք թե՛ իրար անցած ճանապարհի եւ թե՛ իրար սկզբունքայնության մասին:
Կոչ եմ անում այս հրապարակային բանավեճը տեղափոխել վարչություն: «Ժառանգությունը» բավականին հրապարակային կուսակցություն է, որպեսզի իրեն թույլ տա որոշ հարցերում էլ ներքին, ոչ այնքան հրապարակային քննարկումներ ունենալ»: