Դեսպան Ազնավուրը մասնակցեց Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկմանը

Մարտի 11-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մասնակցությամբ Բեռնում տեղի ունեցավ «Մեծ Եղեռնից 100 տարի անց. Հայոց ցեղասպանության ժխտման հետևանքները» խորագրով քննարկում Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի խորհրդարանականների հետ:

Քննարկմանը մասնակցում էին Շվեյցարիայի խորհրդարանի զույգ պալատների` Պետությունների խորհրդի և Ազգային խորհրդի հայ-շվեյցարական բարեկամական խմբի համանախագահներ Ուելի Լյուենբերգերը, Դոմինիկ դը Բումանը, Հանս Ալթհերը, խորհրդարանական բոլոր չորս քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչներ:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական և իրավական իրողությունների, Թուրքիայի ժխտողական քաղաքականության և դրա հետևանքների վերաբերյալ բանախոսությամբ հանդես եկավ ֆրանսահայ պատմաբան, Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի դասախոս Ռեյմոն Գևորգյանը:

Քննարկման ընթացքում շվեյցարացի խորհրդարանականները հանդես եկան մի շարք հարցադրումներով, այդ թվում` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, մասնավորապես` սիրիական և իրաքյան ճգնաժամերի համատեքստում Թուրքիայի դերի, մարդկության դեմ ուղղված ոճիրների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի, Ժնևում «Հիշողության լապտերներ» հուշակոթողի տեղադրման վերաբերյալ:

Քննարկման ավարտին մասնակիցներին ներկայացվեց Ռեյմոն Գևորգյանի և Իվ Տերնոնի համահեղինակած «Հայերի ցեղասպանության հուշակոթող» վերնագրով գիրքը:

ՀՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս