Ադրբեջանը ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է. Յոհաննես Հահն
Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնն անդրադարձել է ԵՄ-ի հարևանության քաղաքականությանը.
«Մենք պետք է մեր քաղաքականությունը հարմարեցնենք փոփոխվող իրավիճակին, ցանկություններին ու կոչերին: Մենք ցանկանում ենք վստահ լինենք, որ Եվրոպական հարևանության քաղաքականությունն ապագայում էլ ավելի արդյունավետորեն կաջակցի ԵՄ-ի ու Ադրբեջանի ընդհանուր կայունությանը, անվտանգությանն ու առաջընթացին:
Արդյունքում հնարավոր է Եվրոպական հարևանության քաղաքականությանն էլ ավելի սերտ ինտեգրում՝ ԵՄ-ի ու անդամ երկրների բոլոր մեխանիզմների օգտագործմամբ: Ադրբեջանը ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է: Ադրբեջանը «Արևելյան գործընկերության» ծրագրի գլխավոր անդամներից մեկն է:
Մենք 2009 թվականից «Արևելյան գործընկերության» շրջանակներում առավել սերտ կապեր ենք հաստատել բոլոր ոլորտներում ու զգալիորեն ամրապնդել ենք տարբեր ոլորտներում համագործակցությունը:
ԵՄ-ը ցանկանում է Ադրբեջանի հետ հարաբերությունները թարմացնել ու ամրապնդել 1999 թվականին ստորագրված Գործընկերության ու համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներից դուրս»: