Թուրքիան փորձում է Ցեղասպանության ճանաչման դեմ քայլեր ձեռնարկել ամբողջ Եվրոպայում

Մերձբալթյան երկրներում արդեն որոշակի տեղաշարժ կա և դրական արդյունքներ են արձանագրվում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց խորհրդարանական պատվիրակության կազմում Չեխա այցելած պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը, հիշեցնենք, մասնակցել է Չեխիայի Երաժշտության ազգային թանգարանում Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Պրահայի Կարլի համալսարանում «Ցեղասպանության հանցագործություն. իրավական և քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովին հանդես է եկել ելույթ-դասախոսությամբ:

Ա.Մինասյանը նշեց, որ Շարմազանովի ելույթում մեղադրանքներ էին պարունակվում այն երկրների և հատկապես Թուրքիայի հասցեին, որոնք մերժողական կեցվածք են դրսևորում: Ըստ նրա՝ գիտաժողովի ամբողջ ընթացքում թուրքական կողմը փորձել է ձայն վերցնել, բայց` հասկանալով, որ չեն կարող իրենց ցանկացած հայտարարություններով հանդես գալ, հետո ավելի մեղմ դիրքորոշում են ցուցաբերել: Ամեն դեպքում, ըստ նրա, Թուրքիան փորձում է Ցեղասպանության ճանաչման դեմ քայլեր ձեռնարկել ամբողջ Եվրոպայում:

«Ես վստահ եմ, որ եթե այս շեշտադրումները պահպանենք և պահանջատիրական կեցվածքը լինի բոլոր պատվիրակությունների մոտ, Թուրքիան ի վերջո կհասկանա»,- ասաց Մինասյանը:

Պատգամավորը նշեց, որ աշխարհում հասկանում են, որ Ցեղասպանության հետևանքով է, որ հայի միայն 30%-ն է բնակվում Հայաստանում. «Մեր դատը կարող է արձանագրել շատ լուրջ հաջողություն: Կարևոր է ոչ միայն ձևական ճանաչումը, այլև պահանջատիրության էությունն արտահայտվի»: Պատգամավորի խոսքով՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման արարողություններին ակնկալում են Չեխիայից պատկառելի պատվիրակություն:

Տեսանյութեր

Լրահոս