
Ռուսաստանը ԼՂ-ի խնդրի շնորհիվ պահպանում է ազդեցության իր լծակները Երևանի ու Բաքվի վրա. Գուլուզադե

Minval.az-ին տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի քաղաքագետ, Կասպյան տարածաշրջանի քաղաքական հետազոտությունների հիմնադրամի նախագահ, Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.
«Երկրի դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ: Եթե անգամ մենք հրաժարվենք տարածքային ամբողջականությունից, ապա դա չի հանգեցնի հակամարտության կարգավորմանը, որովհետև Ղարաբաղյան հակամարտությունը կենսականորեն անհրաժեշտ է Ռուսաստանի համար:
Հակամարտության շնորհիվ Ռուսաստանը պահպանում է ազդեցության իր լծակները Երևանի ու Բաքվի վրա: Հայաստանում կան եվրոպամետ կողմնորոշմամբ բավականաչափ ուժեր, և երբ հայ-ռուսական հարաբերություններում սկսում են ի հայտ գալ բարդություններ, Մոսկվան անմիջապես ահաբեկում է նրանց, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կոչնչացնի նրանց:
Իսկ Ադրբեջանին էլ ահաբեկում են նրանով, որ Հայաստանը կարող է պատերազմ սկսել, և կարող են ոչնչացվել նավթագազային բոլոր խողովակաշարերը: Քանի դեռ չի լուծվել ռուս-ամերիկյան դիմակայության հարցը, չի լուծվի նաև Ղարաբաղյան հակամարտությունը»: