Գիտնականներն ապացուցել են հայ ժողովրդի ծագման մասին Մովսես Խորենացու ճշմարտացիությունը. «Արմենպրես»
Նորագույն գենետիկ հետազոտություններով ապացուցվել է հայ ժողովրդի ծագման թվագրության իսկությունը, որ 5-րդ դարում տվել է պատմահայր Մովսես Խորենացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականը: Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում գրի առնված ավանդազրույցում նշում է, որ հայ ժողովուրդը ծագել է մ. թ. ա. 2492 թվականին:
Թեև պատմիչը նշել է, որ ճանապարհորդել է Բաբելոն և ուսումնասիրել հնադարյան աղբյուրները, այդ ժամանակաշրջանը երկար տարիներ համարվում էր առասպելական: Սակայն գիտնականների կատարած վերջին հետազոտությունները ապացուցում են Խորենացու պատմության արժանահավատությունը:
Ինչպես հաղորդում է «Նյու Յորք Թայմսը», գենետիկները սկանավորել են Հայաստանի և
Լիբանանի 173 հայերի գեները և դրանք համեմատել աշխարհի այլ 78 ազգերի գեների հետ:
Պարզվել է, որ հայերը հնագույն ցեղախմբերի խառնուրդ են, ում ժառանգներն այսօր բնակվում են Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում և մի քանի այլ տարածաշրջաններում:
Գենետիկական ուսումնասիրությունների համաձայնˋ այդ ժողովուդների միախառնումը տեղի է ունեցել Քրիստոսից 3000-2000 տարի առաջ, ինչը լիովին համընկնում
է Մովսես Խորենացու տված թվագրության հետ:
Բրոնզե դարի վերջին, երբ ցեղախմբերի միաձուլումը դեռ ընթացքի մեջ էր, տեղի է ունեցել ժողովուրդների տեղաշարժˋ պայմանավորված առևտրով, պատերազմներով և ժողովրդագրական աճով: Իսկ մ. թ. ա. 1200 թվականից հետո Միջերկրական ծովի արևելյան ափի բրոնզեդարյան քաղաքակրթությունների անսպասելի անկումը, կարծես թե, հանգեցրել է մյուս ժողովուրդներից հայերի մեկուսացմանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: