«ՀՀ իշխանությունները կգնան դեպի Ուզբեկստան, որովհետև իրենց առաջարկվում և պարտադրվում է գնալ Ուզբեկստան, Հյուսիսային Կորեա». Վարդան Հարությունյան

«ՀՀ իշխանություններն իրենց գործողություններով եվրոպական չեն»,- այս մասին այսօր ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ Մամուլի ազգային ակումբում հրավիրված «Հայաստանը ԵՏՄ-ում. Ռիգայի խորհրդաժովին ընդառաջ. ո՞րն է լինելու Երևանի կարգախոսը» թեմայով հասարակական-քաղաքական քննարկման ընթացքում ասաց  իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նա հիշեցրեց ՀՀ անկախության հռչակագիրը, որում, հստակ ամրագրված էր, որ Հայաստանն իրեն տեսնում է որպես մի երկիր, որն ընթանում է այն ուղիով, որ ընդունված է անվանել  եվրոպական: Ըստ Հարությունյանի, եվրոպական զարացումն ի սկզբանե դրված եղել մեր պետության հիմքում:

«Մեր մշակույթով մենք եվրոպական ենք, բայց այսօր Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են իշխանություններ, որոնք՝ չունենալով իրենց երկրի ներսում բավականաչափ լեգիտիմության պաշար, ստիպված են լինում ենթարկվել արտաքին ճնշումներին, նկատի ունեմ ռուսական ճնշումներին և  այդ ճնշման, ցուցադրական, անթաքույց, բիրտ ճնշման արդյունքում ոչ թե Հայաստանի ժողովուրդը, ոչ թե Հայաստանը, այլ այսօր ՀՀ-ում գործող իշխանությունը  հայտարարում է, որ ընտրում է մի ուղի, որը պետք է որ մեզ հարիր չլիներ՝ ՛և մեր քսանհինգամյա, և՛ մեր դարավոր պատմությանը: Բայց կա այդ վճիռը, կայացվել է  այդ վճիռը»,- ասաց Հարությունյանը՝ շարունակելով, որ եթե Հայաստանին հրավիրեն Ռիգա, ՀՀ ներկայացուցիչները կգնան այնտեղ, ելույթ կունենան, կասեն, որ ցանկանում են շարունակել եվրոպացիների հետ բանակցությունները, կասեն, որ իրենց մտածելակերպով եվրոպական են, բայց կգնան դեպի Ուզբեկստան, որովհետև իրենց առաջարկվում և պարտադրվում է գնալ Ուզբեկստան, Հյուսիսային Կորեա: «Նրանք Փարիզ չեն գնում, նրանք Բեռլին չեն գնում, Վարշավա չեն գնում, նրանք գնում են Իրան: Սա է մեր այսօրվա իրականությունը:

Ուստի դիվանագիտական շղարշը մի կողմ դրած, մեր ճշմարտությունը սա է՝ իշխանությունները կգնան այն ուղիով, որուղով որ ստիպված են գնալ՝ ոչ իրենց կամքով»,- ասաց իրավապաշտպան Հարությունյանը՝ չբացառելով, որ ՀՀ իշխանավորներն իրենց մտածողությամբ եվրոպական են: Բայց, նրա գնահատմամբ, իշխանություններն իրենց գործողություններով բացարձակապես այդպիսին չեն:

Տեսանյութեր

Լրահոս