Իլյա Լյաշինը չի հավատում Նեմցովի սպանության իսլամական-ծայրահեղական հետքին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուսական ընդդիմությունը չի հավատում այն վարկածին, որ Բորիս Նեմցովի սպանությունը կարող է կապված լինել իսլամական-ծայրահեղական հետքի հետ:
Կան տեղեկություններ, որ Նեմցովը սպառնալիքներ է ստացել` կապված Փարիզում Charlie Hebdo պարբերականի լրագրողների վրա կատարված հարձակման հանդեպ իր հայտնած դիրքորոշման հետ:
Ներկա դրությամբ Նեմցովի սպանության գործով ձերբակալված է 5 մարդ` Զաուր Սասաև, Անզոր Գուբաշև, նրա եղբայր Շահիդ Գուբաշև, ինչպես նաև Խամզաթ Բահաևը ու Թամերլան Էսկերխանովը:
Դադաևը, ով արդեն իսկ տվել է խոստովանական ցուցումներ, նախկինում հանդիսացել է ՌԴ ՆԳՆ-ի Ներքին զորքերի «Հյուսիս» գումարտակի փոխհրամանատար, իսկ այս տարի լքել է Ներքին զորքերը:
Ընդդիմադիր գործիչ Իլյա Լյաշինը կասկածներ ունի Նեմցովի սպանության իսլամական-ծայրահեղական հետքի վարկածի հարցում: Նրա խոսքերով` Նեմցովը բացարձակապես հանդուրժողական մարդ է եղել կրոնական պլանում.
«Ավելին, Նեմցովի առաջին կինն ու դուստրը մուսուլմաններ են: Ընդ որում` Ժաննան (դուստր) զբաղեցրել է բավական ակտիվ դիրքորոշում և երբևէ չի թաքցրել իսլամի հանդեպ իր հակվածությունը: Եվ Նեմցովն էլ հարգանքով է վերաբերվել դրան, երբևէ վատ չի արտահայտվել իսլամի, ինչպես նաև յուրաքանչյուր այլ կրոնի մասին:
Ինչ վերաբերում է Charlie Hebdo-ի պատմությանը, նա իսկապես ահաբեկիչներին անվանել է ահաբեկիչներ, սակայն նրա դիրքորոշումը եղել է բացարձակապես կոռեկտ ու կշռված: Նեմցովը քննադատել է ահաբեկիչներին, սպանություն գործած մարդկանց, սակայն երբևէ վատ բան չի ասել իսլամի մասին:
Դրա համար էլ այդ վարկածը բացարձակապես անհեթեթ է, և ըստ իս` միտված է Նեմցովի սպանության իրական շարժառիթները քողարկելուն: Իմ կարծիքով` անկասկած է, որ Նեմցովի սպանությունը կապված է նրա քաղաքական ակտիվ ընդդիմադիր գործունեության հետ»: