Բաժիններ՝

«Շարժման հետ իմ համագործակցությունը պայմանավորված է եղել բացառապես Գագիկ Ծառուկյանի անձով». Գառնիկ Իսագուլյան

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներն «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանից հետաքրքրվեցին՝ արդյոք իրենց կուսակցությունը շարունակելո՞ւ է համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հետ՝ հաշվի առնելով վերջին գործընթացները:

Ի պատասխան՝ Գ. Իսագուլյանն ասաց, որ իր համագործակցությունն ընդհանրապես շարժման հետ պայմանավորված է եղել բացառապես Գագիկ Ծառուկյանի անձով:

«Ես եղել եմ այն պատգամավորը, ում ելույթների արդյունքում անմիջապես 1995 թվականին հայտնվել եմ հետախուզման մեջ, 3 տարի անցկացրել եմ ընդհատակում, իսկ մինչ այդ՝ 7 անգամ կանգնել եմ դատարանի առաջ իմ հայացքների համար:

Այսինքն՝ ես Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ունեցել եմ հատուկ վերաբերմունք, բայց, միևնույն է, շարժման ընթացքում ես ձեռնպահ եմ մնացել որևէ քննադատական խոսքից, անկախ այն հանգամանքից, որ շատ լավ իմացել եմ, որ եռյակի խորհրդակցությունների ժամանակ պարոն Ծառուկյանն առաջարկել է ընդլայնել քաղաքական խորհուրդը, ՀԱԿ-ը դրան դեմ է եղել, ոչ միայն ինչ-որ քաղաքական ուժերի, այլ կոնկրետ իմ անձի հետ կապված: Այդ մասին ես իմացել եմ, բայց որևէ կերպ չեմ արձագանքել, որպեսզի հանկարծ չստացվի, որ ես իմ գործունեությամբ խոչընդոտում կամ խանգարում եմ շարժմանը»,- ասաց նա:

Անդրադառնալով նոր ԲՀԿ-ի հետ համագործակցությանը՝ Գ. Իսագուլյանը նշեց, որ այդ կուսակցության մեջ շատ լավ ընկերներ ունի, որոնցից շատերի հետ աշխատել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ.

«Բայց շատ կարևոր է, թե հետագա գործունեությունն ինչպես կծավալի ԲՀԿ-ն: Այսինքն՝ ինքը կմնա՞ այն ծրագրերի և դիրքորոշման շրջանակում, որ ուներ ԲՀԿ-ն պարոն Ծառուկյանի ժամանակ, թե՞ կշեղվի այդ ուղուց: Եթե պարզվի, որ ԲՀԿ-ն շարժվում է նույն ճանապարհով, ինչ Գագիկ Ծառուկյանն էր շարժվում, և իրենք անհրաժեշտություն կհամարեն, որ մենք աջակցենք իրենց, ապա մենք պատրաստ ենք նման աջակցության: Իսկ եթե նրանք կշեղվեն այդ ուղուց, ապա մենք, այդ դեպքում, մնալով լավ ընկերներ, նրանց հետ գործունեություն չենք ծավալի»:

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ են Հայաստանում կուսակցությունները հիմնված ոչ թե գաղափարական հենքի վրա, այլ կոնկրետ անձի, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Նորանկախ պետության համար դա հիվանդություն է: Նույն Հանրապետական կուսակցությունը միշտ պայմանավորված է եղել ինչ-որ անձով:

Ցավոք սրտի, դա այսօրվա իրականությունն է, և մենք այսօրվա իրականության հետ պետք է համակերպվենք: Շատերն ասում են՝ պարոն Ծառուկյանը դասական առումով քաղաքական գործիչ չէ: Ես միշտ հարց էի տալիս, լավ, ասեք՝ ո՞վ է դասական առումով քաղաքական գործիչ. Հովիկ Աբրահամյանը դասական առումով քաղաքական գործի՞չ է, Սերժ Սարգսյանը դասական առումով քաղաքական գործի՞չ է, այդ ո՞վ է որոշում, թե ով է դասական առումով քաղաքական գործիչ: Գագիկ Ծաոռւկյանը մի տարբերություն ունի, որ ինքը շատ լավ ապրում է, բայց չի հանդուրժում, որ իր կողքի մարդիկ վատ են ապրում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս