«Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ սնանկացման շեմին
168.am-ի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սնանկ է ճանաչվելու: ՀԷՑ-ը պաշտոնապես հայտարարված 13 մլրդ դրամի պարտավորություն ունի արտադրող կայաններին: Մեր աղբյուրների համաձայն՝ ընկերության վարկային պարտավորությունները շատ ավելի են, մասնավորապես՝ հայկական բանկերին պարտք է շուրջ 70 մլն դոլարի չափ գումար (դրամային ու դոլարային վարկերը միասին), նաև ՀԷՑ-ը պարտք է արտերկրի բանկերին՝ շուրջ 150 մլն դոլար:
Անցած տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար հիմք հանդիսացած ՀՀ էներգետիկ համակարգում առաջացած ճգնաժամի գլխավոր «մեղավորներից» մեկը, հիշեցնենք, ՀԷՑ-ն էր, և տարբեր քննարկումների ժամանակ բազմիցս բարձրացվել է ընկերության վատ կառավարման խնդիրը: Սակայն մինչ օրս ղեկավարության փոփոխման պահանջ ՀՀ կառավարությունը չի դրել, և այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:
ՀԷՑ-ի լրատվական ծառայության ղեկավար Նատալյա Սարաջանյանը մեզ հետ զրույցում հերքեց սնանկության մասին լուրերը: «Դրանք չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց նա:
Ըստ նրա՝ տարվա սկզբից ՀԷՑ-ի սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ի և ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության համատեղ աշխատանքային խումբն աշխատում է համաձայնագրի վրա, որի ստորագրումից հետո պարզ կլինի ընկերության ռազմավարությունը, հետագա անելիքները, վարկային պարտավորությունների վերակազմավորման հնարավորությունը, որպեսզի կարողանան պարտավորությունները կատարել: Համաձայնագրի մշակումը նախատեսվում է ավարտել մինչև այս ամսվա վերջ: Ն.Սարաջանյանը նշեց, որ դրանով էր պայմանավորված նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից փետրվարի 25-ի նիստում ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի հաստատման հետաձգումը մինչև ապրիլի 1-ը: ՀԾԿՀ ներկայացված ներդրումային ծրագրի նախագծով նախատեսվում էր 2015-ին ներդնել 8 մլրդ 392 մլն դրամ՝ էլեկտրատեխնիկական կառուցվածքի պահպանության, մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարձրացման, ինչպես նաև նոր սպառողների կամ սպառողների վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին տեխնոլոգիական միացումների կատարման համար:
Հարցին՝ ընկերության ղեկավարությանը փոխելու որևէ նախաձեռնություն կա՞ սեփականատիրոջ կողմից, Ն.Սարաջանյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ՝ չկա: