Բաժիններ՝

Սաակաշվիլու հրամանով պլանավորված է բանտում թունավորել «Մերաբիշվիլի, Ախալայա, Ուգուլավա» եռյակից մեկին. Ինաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության գլխավոր քարտուղար Իրմա Ինաշվիլու տեղեկություններով՝ մարտի 21-23-ին անձամբ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրամանով պլանավորված է բանտում թունավորել Վանո Մերաբիշվիլուն, Բաչո Ախալայային կամ Գիգի Ուգուլավային:

Ինաշվիլին այս մասին երեկ հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: Ինաշվիլին ընդգծել է, որ չունի մանրամասն տեղեկություններ, թե այս եռյակից կոնկրետ ում կթունավորեն.

«Սաակաշվիլին արդեն իսկ զոհաբերել է նրանց: Նրա հաշվարկն այն է, որ ամեն ինչում կմեղադրեն իշխանություններին, և Արևմուտքում այդ թունավորումը կներկայացվի այնպես, որ տեսե՛ք, թե ինչ է կատարվում Վրաստանում»:

Նա չի բացառել, որ պլանի իրագործումը կարող է իրականացվել բանտի առանձին աշխատակցին կաշառելով կամ էլ այլ անձի միջոցով: Ինաշվիլին հավելել է, որ ֆիզիկական հարձակում է պլանավորվում պատգամավոր Գեորգի Կանդելակիի վրա:

Ինաշվիլու այս հայտարարությունից հետո անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել Թբիլիսիի թիվ 9 բանտում, ուր պահվում են նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, պաշտպանության ու ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան: Այդ միջոցները կպահպանվեն նաև հետագայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս