Սաակաշվիլու կուսակցությունը մտադիր է մարտի 21-ին պահանջել կառավարության հրաժարականը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը հայտ է ներկայացրել Թբիլիսիի քաղաքապետարան՝ մարտի 21-ին մայրաքաղաքի «Վարդերի» հրապարակում բողոքի ակցիա անցկացնելու համար:
ՄԱՇ-ը մտադիր է ակցիայի ժամանակ պահանջել կառավարության հրաժարականը՝ կապված ազգային արժույթ լարիի փոխարժեքի արժեզրկման հետ: Թբիլիսիի քաղաքապետի նախկին թեկնածու Նիկա Մելիան հայտարարել է, որ իշխանությունների անպատասխանատվությունը, անզորությունը, կոռուպցիան ու մյուս արատները պատճառ են դարձել երկրում սոցիալական ծանր ֆոնի ստեղծման համար:
Նախկինում իշխող կուսակցությունը հունվարի վերջին հայտարարել էր, որ ներկայիս իշխանություններն ունակ չեն ապահովելու ազգային արժույթի փոխարժեքի կայունություն ու առաջարկել է ճգնաժամից դուրս գալու պլան՝ բաղկացած 36 կետից: