Բաժիններ՝

Տիգրան Համասյանի երաժշտական հնչյունները գալիս են հեռու հեռվից. NPR ռադիոյի անդրադարձը

Ամերիկյան NPR ռադիոն անդրադարձել է հայտնի երաժիշտ Տիգրան Համասյանին:

Երաժիշտներն իրենց յուրահատուկ ձեռագիրն են ձեռք բերում տարատեսակ երաժշտական ազդեցությունների ներքո: Ջազային դաշնակահար Տիգրան Համասյանի երաժշտական հնչյունները գալիս են հեռու հեռվից. նա պրոգրեսիվ մետալ խմբերի, ինչպիսիք են Tool-ը և Meshuggah-ը, ինչպես նաև իր հայրենի երկրի երաժշտության սիրահար է, գրում է npr.org-ը:

Տիգրան Համասյանն ամերիկյան NPР ռադիոյի հաղորդավար Արուն Ռաթի հետ խոսել է իր հայրենի փոքր երկրի պատմության, ինչպես նաև այն մասին, թե ինչու է նա կարծում, որ դաշնամուրի ավանդական մոտեցումներն անտեսում են գործիքի շատ հնարավորություններ:

Համասյանը ծնվել է Հայաստանում, տեղափոխվել Լոս Անջելես և Նյու Յորք, այնուհետ վերադարձել հայրենիք՝ իր արմատների հետ շփվելու համար, նշում է NPR-ը: Նրա նոր ալբոմը՝ «Mockroot», ոգեշնչվել է մասամբ Պետրոս Դուրյանի ստեղծագործություններից: Համասյանը նշում է, որ Դուրյանի շունչը փոխանցելու համար անպայման չէ օգտագործել գրողի բանաստեղծությունները։ Պոետի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված երգերը կատարվում են հորինված վանկերով, որոնք չեն պատկանում որևէ կոնկրետ լեզվի՝ պոետի էությունը բացահայտելու համար:

«Բոլորը նրան չափազանց մելանխոլիկ և մռայլ են համարում, բայց ես համաձայն չեմ դրա հետ: Նա բանաստեղծություններ ունի, որոնք մռայլ են, բայց նրա բոլոր բանաստեղծություններում լույս կա, նրան կարդալուց հետո լուսավորվում ես և կյանքով լցվում»,- ասում է Համասյանը:

«Ես սիրում եմ ոգեշնչվել բանաստեղծություններից, բայց ոչ անպայմանորեն դրանք որպես երգերի համար բառեր օգտագործելով: Երբեմն երաժշտությունը, որ ես գրում եմ, կարիք չունի բառերի, այն պարզապես ձայնավոր հնչյունների կարիք ունի»,- հավելել է նա:

Թարգմանությունը` Tert.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս