Ինչ դրական և բացասական կողմեր ունի «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը
Ձեռնարկատերերը շրջանառության հարկի փոփոխությունը միանշանակ համարում են հարկի բեռի ավելացում: 168.am-ի հետ զրույցում մի քանի գործարարներ նշեցին, որ ինչպես մինչև հիմա անհնար է եղել է որոշ ապրանքների համար խոշորներից փաստաթուղթ ստանալ, այդպես էլ այժմ դա հնարավոր չի դառնա, իսկ 3.5%-ից փաստաթղթավորման բացակայության դեպքում 5% բարձրացումը խիստ կվնասի նրանց աշխատանքին: Միաժամանակ, գործարարները բողոքում են տարվա կեսից հարկային նոր փոփոխությունների կիրառման դեմ:
168.am-ը «Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ-ից հետաքրքրվեց, թե ի՞նչ դրական ու բացասական կողմեր ունի ԱԺ մարտի 3-ի արտահերթ նիստում ընդունված «Շրջանառության հարկի մասին» օրենքը: Հ/կ-ից մեզ տրամադրված տեղեկանքում բացասականը գերակշռում է դրականին: Հ/կ-ից նաև հայտնեցին, որ «ՓՄՁ համագործակցություն ասոցիացիայի» հետ համատեղ՝ ՀՀ կառավարությանն ուղղված գրությունում ներկայացրել էին իրենց մտահոգություններն ու առաջարկել լուծումներ:
Նախագծով նախատեսված լուծումների դրական կողմերը՝
- Նախագծի դրական կողմերից է շրջանառության հարկ վճարող համարվելու համար շեմի վերանայումը: Ըստ էության, կառավարությունը շեմի բարձրացմամբ փորձ է անում վերացնել այն խոչընդոտները, որոնք պատճառ են հանդիսանում հարկ վճարողների կողմից իրացման իրական ծավալների թերհայտարարագրմանը:
- Փաստաթղթավորման պարտադիր պահանջը փոխարինվում է փաստաթղթավորման խթանման գործիքով,
- Նվազեցվում է կոռուպցիոն հնարավոր ռիսկերը՝ հարկային մարմնի կողմից փաստաթղթավորման ստուգման հսկողական գործիքը վերանայելով:
Նախագծով նախատեսված լուծումների բացասական կողմերը՝
- Առևտրական գործունեությունից ստացված եկամուտների մասով շրջանառության հարկի 5 % դրույքաչափի սահմանումը մեծացնում է հարկային բեռը բոլոր այն դեպքերում, երբ որոշ ապրանքների դեպքում, նույնիսկ ցանկության դեպքում, հնարավոր չէ ապահովել գոնե ձեռբերումների 50 % փաստաթղթավորում,
- Բեռի բարձրացում է ենթադրում նաև իրացման 1.5 % մեծությամբ հարկի նվազագույն չափի սահմանումն առևտրական գործունեությունից ստացված եկամուտների մասով,
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ հարկ վճարողների մոտ ներքին ձեռքբերումների, ներմուծումների և իրացումների հաշվետու ժամանակաշրջանը կարող են չհամընկնել, նախագծով հնարավորություն չի ընձեռնում այդ դեպքում փաստաթղթավորված մասի համար նվազեցնել հարկի գումարը և հարկ վճարողի համար հարկային բեռը մեծանում է,
- Հաշվի առնելով այն, որ շեմի բարձրացումը վերաբերում է հավասարապես գործունեության բոլոր ոլորտներին, ծառայությունների մասով շեմի բարձրացումը կարող է այդ ոլորտի մասով պետական եկամուտների էական նվազման պատճառ հանդիսանալ:
- Կանխատեսելի գործարար միջավայր ունենալու տեսանկյունից առանձնակի կարևոր է՝ հարկ վճարողների գործունեության պայմաններն այս կամ այն կերպ փոփոխող և հատկապես հարկ վճարողների համար նոր պարտականություններ սահմանող պայմանները վատթարացնող կամ այս կամ այն կերպ գործարար իրավիճակ փոփոխող օրենսդրական փոփոխությունները կիրառելի լինեն առնվազն օրացուցային տարվա սկզբից: Մինչդեռ նախատեսվում է օրենքի կիրառությունը սկսել 2015 թվականի հուլիսի 1-ից: