«Հայաստանի անվտանգության պոտենցիալ սպառնալիքների մակարդակը կտրուկ աճել է». Արման Մելիքյան
«Արտաքին ազդակների հանդեպ դիմադրողականություն է պետք մշակել»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂԳ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին: Նա նշեց, որ միջազգային, տարածաշրջանային զարգացումներն այժմ այնպիսի ընթացք ունեն, որ կտրուկ աճել է Հայաստանի անվտանգության պոտենցիալ սպառնալիքների մակարդակը, և դրանց շրջանակն ընդլայնվելու միտում ունի:
Իսկ դա, նրա գնահատմամբ, հատկապես մտահոգիչ է նաև այն պատճառով, որ արագորեն մաշվում է մեր ներքին ամրության պաշարը՝ գործադիր իշխանությունը սրընթաց կերպով հեղինակազրկվում է, հեղինակազրկվեց նաև խորհրդարանական կուսակցական ընդդիմությունը:
Ուստի Մելիքյանի խոսքով` քայլեր են հարկավոր՝ քաղաքացիների ու իշխանության միջև փոխվստահությունը վերահաստատելու համար, քանի որ առանց դրա մենք զուրկ կլինենք արտաքին բացասական ազդակների հանդեպ նույնիսկ նվազագույն դիմադրողականությունից: «Միայն ներքին փոխհարաբերությունները հունի մեջ գցելուց հետո իմաստ կունենա խոսել արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու ծրագրերի մասին: Իսկ այժմ եկել է քաղաքական փուչիկները պայթեցնելու ժամանակը»,- համոզված է Արման Մելիքյանը:
Հարցին, թե ի՞նչ է ակնկալում Արևմուտքից և Ռուսաստանից՝ ԼՂ հակամարտության գոտում առաջացած փակուղուց դուրս գալու համար, նա պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ որևէ մեկը պետք է մեր անգործունակության համար մտահոգվի ու մեզ հանի փակուղուց: Հայտնի բան է, որ շատերի համար օտարների միջև պատերազմը երկնքից ընկած պարգև է՝ քիչ չեն նրանք, ով չի հրաժարվի ուրիշի դժվարություններից մեծ օգուտներ քաղելու հնարավորությունից:
Արևմուտքի կամ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ ունենալու համար մենք պետք է լիարժեք կերպով հասկանանք իրենց՝ սեփական շահերով պայմանավորված գործողությունների տրամաբանությունը, և այդ դեպքում հնարավոր կլինի առաջանցիկ քայլեր կատարել՝ պոտենցիալ վտանգները կանխելու և սեփական դիրքերն ու զարգացման հեռանկարներն ապահովելու համար»: