Ո՞ւմ կամ ի՞նչ գործոնների դրդմամբ Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, գնաց նման կոշտացումների

168.am-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Հիմնականում ինչո՞վ եք պայմանավորում Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունից հեռանալու քայլը, պայքարից հետ կանգնելը:

– Կարծում եմ՝ փետրվարի 12-ից արդեն պարզ է, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից վտարելու խնդիր և պահանջ է դրել: Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանից ժամանած Սամվել Կարապետյանի և միջնորդական առաքելություն ստացած ՀՅԴ-ի միջնորդավորությամբ Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը կարողացան դրա իրականացման ձևերը քննարկել: Թերևս, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը, ըստ էության, այդ խնդիրը դրել է, և այդ պահանջը հարգվել է: Ի՞նչը կորցնելու դիմաց է Գագիկ Ծառուկյանը դա հարգել, ես կարծում եմ՝ արդեն ենթադրությունների խնդիր է:

Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի նախկին հայտարարությունները, թե պայքարելու են իշխանափոխություն իրականացնելու համար, որքանո՞վ է արդարացված Գագիկ Ծառուկյանի հետքայլը՝ նույնիսկ, եթե այն բացատրվում է՝ որպես իշխանությունների կողմից սկսված ճնշումների հետևանք:

Styopa Safaryan– Գագիկ Ծառուկյանն ակնհայտորեն ռիսկերը չէր հաշվարկել, դա միանշանակ է: Ես նրան երբեք չեմ համարել ռիսկային քաղաքական գործիչ, նա միշտ փորձել է պահել իր ճկունությունը: Գագիկ Ծառուկյանի հայտարարություններն անգամ աշնան հանրահավաքների ժամանակ եղել են շատ ճկուն, զգուշավոր: Այս տարվա փետրվարին տեղի ունեցածը, կարծես թե, խնդիր է պարունակում, թե այդ ի՞նչ պատահեց, որ Գագիկ Ծառուկյանն այդպես ռուբիկոնն անցավ, որի պատճառով Սերժ Սարգսյանն այդպիսի հրապարակավ խնդիր դրեց: Այս առումով, իհարկե, արդարացված է Գագիկ Ծառուկյանի քայլը, բայց միևնույն է՝ խնդիր է մնում, թե ո՞ւմ կամ ի՞նչ գործոնների դրդմամբ Գագիկ Ծառուկյանն այնուամենայնիվ գնաց այսպիսի կոշտացումների, այն դեպքում, երբ ինքը միշտ ճկուն է եղել: Խաղի կանոնները, իհարկե, կարող էին նրա օգտին լինել, որովհետև այս ընթացքում Հանրապետական կուսակցությունն ընդամենն ատամներ էր կրճտացնում, բայց իրականում Գագիկ Ծառուկյանը շատ մեծ շանսեր ուներ 2017 թվականին՝ ԲՀԿ-ի համար ունենալ եթե ոչ՝ առաջին, ապա՝ գոնե 2-րդ տեղը: Բայց պահանջելով ստանալ առաջին տեղը՝ նա կորցրեց նաև երկրորդը լինելու կարգավիճակը:

– Իսկ առահասարակ ի՞նչ էր հաշվարկել Գագիկ Ծառուկյանը՝ պայքար սկսելու մասին հայտարարելով:

– Ինքը մտածում էր, որ իշխանությունը շատ հեշտ կհամակերպվի 2017-18-ին՝ իր դիրքերը կորցնելու հետ, նրան թվում էր, որ ընդդիմադիր ճնշման ներքո՝ իշխանությունը կվախենա ու կհրաժարվի այդ ամենից: Այն դեպքում, երբ իշխանությունը, բարեփոխումների կոնցեպցիան հրապարակելիս՝ հայտարարել էր, որ Հանրապետականն ապագա իշխանության մեջ էլ պետք է ծանրակշիռ դերակատարում ունենա: Գագիկ Ծառուկյանին թվում էր, թե ամեն հրապարակ իջնելով՝ զիջումների է դրդելու իշխանությանը, և իշխանությունը նահանջելու է և համակերպվի, բայց այդպես չէր:

– Սպասելի՞ էր Ձեզ համար, որ ոչ իշխանական եռյակի պայքարն այսպիսի հանգուցալուծում կստանա, և ինչո՞ւ:

– Ես առիթ ունեցել եմ ասելու, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող ուղղակի առաջնորդել ընդդիմադիր պայքար: Նա հասկացավ, որ առջևում է դժվարին ճանապարհ, և ետ կանգնեց դրանից: Հետևաբար՝ Եռյակի և հատկապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վերլուծությունը խնդիր ունի ադեկվատության, որովհետև եթե դա իսկապես Լ. Տեր-Պետրոսյանի սրտի ստրատեգիան էր և ոչ միայն՝ «սրտի պարտքը», այդ դեպքում կարող ենք ասել, որ Տեր-Պետրոսյանն ադեկվատ հաշվարկ չի արել: Եթե իրական հաշվարկն այն է, ինչ ստացվեց՝ Գագիկ Ծառուկյանին սկուտեղի վրա մատուցելը, ապա սա արդեն այլ խոսակցության թեմա է:

Պարոն Սաֆարյան, ո՞ւմ պետք է մեղադրել այս ստեղծված իրավիճակի համար՝ իշխանությունների՞ն, Եռյակի ուժերի՞ն:

– Իշխանությանը շատ բանում կարելի է մեղադրել: Իշխանությունը, իհարկե, չի հասկանում, որ վաղ թե ուշ ինքն էլ կարող է ընկնել այս խաղի կանոնների տակ, ինչի տակ Գագիկ Ծառուկյանն ընկավ, ինչն ինքը չէր պատկերացնում 2-3 տարի առաջ՝ լինելով կոալիցիայի անդամ: Այսինքն՝ բոլորը պետք է հասկանան որ այս կարմիր կովը կարող է չոքել նաև իրենց դռանը: Եթե իրենք կարծում են, որ սա լավ խաղի կանոն է, ես ուղղակի մաղթում եմ՝ բարով վայելեն այդ դժվարությունները և զրկանքները:

Բայց, իհարկե, ընդդիմությունն ինքն էլ պետք է իր մեղքի պատասխանատվությունը քաշի: Ընդդիմությունը հրեշտակ չէ: Ընդդիմությունն իր պատասխանատվության բաժինն ունի այս հիասթափության մեջ, և պետք է դրա մասին խոսվի: Այնպես չէ, որ ընդդիմությունն ամեն ինչ ճիշտ է արել, կամ արել է ամենը, ինչ հնարավոր էր: Ընդդիմությունն անգամ արել է բաներ, որոնք պետք չէր անել: Եթե պետք է հասարակության մեջ սպասումներ առաջացնեին և դրանք հանեին, ապա շատ ավելի ճիշտ կլիներ՝ ընդհանրապես այսպիսի շարժում չլիներ: Կարծում եմ՝ դա ավելի մեծ ողբերգություն է պատճառել, քան, եթե շարժում ընդհանրապես չլիներ:

Այսինքն՝ Եռյակի մյուս ուժերը՝ ՀԱԿը, «Ժառանգությունը», պետք է հաշվարկեի՞ն, որ նման բան կարող է լինել:

– Ես կարծում եմ՝ այո, իհարկե, պետք է հաշվարկեին: Ամենամիամիտ քաղաքացիներն անգամ տեսնում էին, եթե քաղաքական ուժը դա չի տեսնում, ուրեմն՝ դա խնդիր է:

– Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ էր անում միավորվել, միացյալ հրապարակ ստեղծել, պայքարել: Ինչքանո՞վ է իրատեսական այդ միավորումն այս համընդանուր հիասթափության իրավիճակում:

– Ճիշտն ասած, այդքանից հետո չգիտեմ՝ ո՞ւմ են կոչ անում միավորվել, և ընդհանրապես ի՞նչ կտա հերթական կոչը: Կարծում եմ՝ ոչինչ:

Այնպես չէ, որ եթե հասարակությունը Եռյակից հիասթափվել է, և այսօր ով գնա հրապարակ՝ վազելով հետևից գնալու է հրապարակ:

Ի՞նչ պետք է անեն ընդդիմադիր ուժերը՝ նորից ժողովրդի հավատը ձեռք բերելու համար:

– Ես կարծում եմ՝ այսքանից հետո պետք է չափազանց լավ պատրաստվել 2017-18 թվականներին: «Եկեք հրապարակ, հեղափոխություն ենք անում» կոչերն արդեն կորցրել են իրենց ողջ լրջությունը: Ես նման բաների արդեն չեմ հավատում և համարում եմ քաղաքական պոռոտախոսություն: Հեղափոխության գաղափարն այսպես արժեզրկել անթույլատրելի է, և քաղաքականությունը վերածել իսկապես զավեշտի՝ տգեղ է արդեն:

 

 

Տեսանյութեր

Լրահոս