Երկու հայազգի` Խախոլ Արմենը եւ Արտյոմ Լիպեցկինը զրկվել են «օրենքով գողի» կարգավիճակից
Մարտի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել քրեական հեղինակությունների հավաք, որի ժամանակ 12 հոգի զրկվել է «օրենքով գողի» կարգավիճակից: Այդ տիտղոսից զրկվել են նաեւ երկու հայազգի գողականներ` ռուսաստանցի Արմեն Խաչատրյանը (Խախոլ Արմեն) եւ գյումրեցի Արտյոմ Առաքելյանը, նույն ինքը Արտյոմ Լիպեցկինը:
Պատմական հավաքին իրենց տիտղոսներից զրկվել են գրեթե միաժամանակ` 2011 թվականին քրեական ընտանիք մուտք գործած Սաշա Կուշները, Գիլան Սեդոյը, Շամիլյան եւ Խախոլ Արմենը: Հավաքում որոշվել է, որ Դեդ Հասանի օրոք նրանց նկատմամբ դրսեւորված մոտեցումն արդարացված չի եղել:
Օրինակ` մարտի 5-ի հավաքի ժամանակ մասնավորապես հետաքրքրվել են, թե ներկայումս ողջ մնացածներից կոնկրետ ով է մոտեցել Խախոլ Արմենին: Վերջինս նշել է ինչ-ինչ անուններ, սակայն նրանևք հրաժարվել են` ասելով, որ նրան չեն ճանաչում: Միաժամանակ Օլեգ Ցիրկաչի նկատմամբ մոտեցումը, ով նշված 4-ի հետ եղել է նույն խմբում, սխալ չի համարվել: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Ցիրկաչը պաշտպանել է իր տիտղոսը «գողական» քայլերով:
Ամենաարտառոցը եղել է Նիկի Գագրինսկիի հետ կատարվածը: Վերջինս իրեն «օրենքով գող է» հռչակել 2012 թվականից` Հասանի կենդանության օրոք: Պարզվում է, որ Հասանի մահից հետո ոչ ոք իր վրա չի վերցրել Նիկի համար պատասխանատվությունը: Նրանից հրաժարվել են անգամ նրանք, ովքեր մինչեւ վերջերս նրան օգտագործում էին իրենց նպատակների համար: Նիկին եւս զրկվել է «օրենքով գողի» կարգավիճակից: Տիտղոսները չեն պահպանել նաեւ Լեքսո Գալսկին, Բեսո Ռուստավսկին, Արտյոմ Լիպեցկինը, Շարապը:
Նրանց համար նախկինում երաշխավորած անձանցից ոչ մեկը չի կարողացել հաստատել իր երաշխավորությունը:
«Օրենքով գողի» կարգավիճակից զրկվել են եւս 3 ադրբեջանցի:
Հիշեցնենք, որ 2008 թվականից հետո թագադրվածների կասկածի տակ լինելու մասին հայտարարվել էր 2015 թվականի հունվարի սկզբներին` Հայաստանում տեղի ունեցած քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ: Հայաստանյան հավաքում մասնավորապես քննարկվել է 2008 թվականից հետո ի հայտ եկած «օրենքով գողերի» մեծ թիվը: Շաքրոն հայտարարել է, որ 2008 թվականից հետո տիտղոսների շնորհումը կատարվել է առանց անհրաժեշտ ընթացակարգերի պահպանման՝ երբեմն «ընտանիքին» միանալ ցանկացողների թեկնածությունների ոչ պատշաճ ուսումնասիրմամբ:
Հեղինակ: «Փաստինֆո»