Բորիս Նեմցովի փաստաբանը՝ քաղաքական գործչի և Աննա Դուրիցկայայի սիրավեպի մասին
Բորիս Նեմցովի ընկերուհու և Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա փետրվարի 27-ին տեղի ունեցած սպանության առանցքային վկայի՝ Աննա Դուրիցկայայի՝ այս շաբաթվա սկզբում «Эхо Москвы» ռադիոկայանին և «Дождь»-ին տված հարցազրույցը հասարակության մեջ միանշանակորեն չընդունվեց։
Ավելին՝ ուկրաինացի մոդելի «ոչինչ չեմ տեսել», «ոչինչ չեմ հիշում» հավաստիացումները շատերը սվիններով ընդունեցին։
Դուրիցկայային, սակայն, պաշտպանում է Բորիս Նեմցովի փաստաբան Վադիմ Պրոխորովը, ով անձամբ է ընդդիմադիր գործչի՝ Տրոեկուրովյան գերեզմանոցում թաղման նախօրեին աղջկան ճանապարհել Կիև։
«Московский комсомолец» թերթին տված հարցազրույցում Պրոխորովը բացատրում է, թե ինչո՞ւ է Դուրիցկայան մինչև հիմա շոկի մեջ և այդ պատճառով էլ՝ փոքր-ինչ ոչ ադեկվատ։
Բացի այդ, աղջիկը նաև ստորագրություն է տվել նախաքննական գաղտնիքը չհրապարակելու մասին, ինչով էլ պայմանավորված է մեկնաբանելու նրա ժլատությունը։
Փաստաբանը վստահեցնում է, որ թեև Դուրիցկայան այնքան էլ մեծ ծավալի ինֆորմացիա չի հայտնել, այնուամենայնիվ, արժեքավոր տեղեկություններ փոխանցել է քննիչներին։
Նեմցովի և Դուրիցկայայի՝ փետրվարի 27-ի գիշերը տեղի ունեցած հանդիպման «պատահականությունը» Պրոխորովը նույնպես հերքում է։ Նրա խոսքերով՝ 55-ամյա քաղաքական գործչի և 23-ամյա մոդելի հարաբերությունները բավականին լուրջ էին։ Նրանք տեսնվում էին ավելի հաճախ, քան թերթերի գրած «ամիսը 1 անգամը»։
Աննա Դուրիցկայան ծանոթ էր Բորիս Նեմցովի մի քանի ընկերների, մասնավորապես՝ Իլյա Յաշինի և հենց իր՝ Պրոխորովի հետ։
«Նա սիրում էր Նեմցովին»,- նրանց հարաբերությունները մեկնաբանելով՝ ասում է փաստաբան Պրոխորովը և ավելացնում, որ սգո արարողությանը Դուրիցկայան ներկա չէր մի շատ պարզ պատճառով. աղջիկը վախենում էր հասարակության մեղադրանքներից։