Թուրքիայում վերջին 10 օրում F-4 տիպի 3 ինքնաթիռի կործանման համար մեղադրում են Իսրայելին

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ վերջին շրջանում Մալաթիայում ու Քոնիայում կործանված F-4 ինքնաթիռները 2002 թվականին արդիականացվել են Իսրայելում: Թերթն ընդգծում է, որ 2002 թվականից հետո Թուրքիայում կործանվել է 12 հատ F-4 տիպի ինքնաթիռ՝ ներառյալ վերջին դեպքերը:

Դրանց հետևանքով զոհվել  է 15 օդաչու: Վերջին 10 օրում գրանցվել է F-4-ի կործանման 3 դեպք: Թուրքական կողմը 54 հատ F-4-ի արդիականացման համար 1998-2003 թվականներին Իսրայելին վճարել է 632 միլիոն դոլար (1643 միլիոն թուրքական լիրա): Յուրաքանչյուր ինքնաթիռի արդիականացումը Թուրքիայի համար արժեցել է 11.7 միլիոն դոլար:

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը չի բացառել, որ իրենք կարող են հրաժարվել F-4 ինքնաթիռների կիրառումից: Ընդգծվում է, որ ԱՄՆ-ն այդ ինքնաթիռներից հրաժարվել է դեռևս 19 տարի առաջ, և որ նա այդ ինքնաթիռները հիմնականում օգտագործել է Վիետնամի պատերազմի ժամանակ: Իսրայելն իր հերթին դրանցից հրաժարվել է 2004 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս