
Կրեմլը կպատասխանի Սավչենկոյի վերաբերյալ Պորոշենկոյի նամակին. Պեսկով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլը կպատասխանի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նամակին, որում նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրում է ազատ արձակել Ուկրաինայի քաղաքացի Նադեժդա Սավչենկոյին, ով ներկայումս գտնվում է մոսկովյան մեկուսարանում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Նամակը ստացվել է, պատասխանը կլինի»: Պեսկովը հավելել է, որ Պուտինի և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հանդիպման ժամանակ չի քննարկվել Սավչենկոյի հարցը:
Ավելի վաղ Պորոշենկոն Ռենցիին խնդրել էր Մոսկվայում անցկացնելիք բանակցությունների ժամանակ բարձրացնել այդ հարցը: Նադեժդա Սավչենկոն մեղադրվում է նախորդ տարվա հուլիսին Լուգանսկի մոտ երկու ռուս լրագրողների սպանությանը նպաստելու և Ռուսաստանի սահմանն ապօրինաբար հատելու մեջ:
Այս տարվա փետրվարի 10-ին Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը բավարարել է մինչև մայիսի 13-ը Սավչենկոյին կալանքի տակ թողնելու միջնորդությունը: