
Ջոհար Ցարնաևն ընդունել է իր մեղքը

ВВС-ի փոխանցմամբ՝ Բոստոնում մեկնարկել է երկու տարի առաջ մարաթոնի ժամանակ հնչած պայթյունների գործով դատավարությունը: Դատական նիստի սկզբնամասում ամբաստանյալ Ջոհար Ցարնաևի փաստաբանն ատենակալներին հայտարարել է, որ իր պաշտպանյալն ընդունում է սեփական մեղքը:
2013 թվականին Ջոհար Ցարնաևը չէր ընդունել բոլոր մեղադրանքներով իր մեղավորությունը: Ներկայումս 21-ամյա Ջոհար Ցարնաևին սպառնում է մահապատիժ. նրա նկատմամբ մեղադրանքներ են ներկայացվել ավելի քան 30 կետով:
Փաստաբանը մտադիր է պաշտպանությունը կառուցել այնպես, որ Ջոհար Ցարնաևը, իբրև թե, գտնվել է իր ավագ եղբայր Թամերլան Ցարնաևի ազդեցության ներքո: ԱՄՆ-ում Ջոհար Ցարնաևի նկատմամբ պաշտոնապես մեղադրանքներ ներկայացվել են 2013 թվականի հուլիսին: Թամերլան Ցարնաևը սպանվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:
2013 թվականի ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի վերջնամասում կազմակերպված պայթյունի հետևանքով զոհվել էր 3 և վիրավորվել էր ավելի քան 260 մարդ: Չորրորդ զոհը դարձավ մի ոստիկան, ով ապրիլի 19-ին մի շարք վերքեր է ստացել Ցարնաև եղբայրներին ձերբակալելու ժամանակ: