Նաիրա Զոհրաբյանը՝ Գագիկ Ծառուկյանի մանդատը վայր դնել-չդնելու մասին

«Ինչո՞ւ պիտի պարոն Ծառուկյանը մանդատից հրաժարվի: Ի՞նչ հիմք կա դրա համար»,- այս հարցադրումներով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց 168.am-ի հարցին, թե ի՞նչ իրավիճակ է Գագիկ Ծառուկյանի մանդատի հետ կապված:

Ըստ նրա՝ Գագիկ Ծառուկյանի բացակությունների վերաբերյալ, որպես խմբակցության քարտուղար, ինքն անձամբ է տեղեկանքներ ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և բոլոր տեղեկանքները Գալուստ Սահակյանը համարել է հարգելի, ուստի ընդհանրապես որևէ խնդիր չկա քննարկելու անգամ Գագիկ Ծառուկյանի մանդատի հարցը:

Դիտարկմանը, որ Գալուստ Սահակյանն ասել է, թե Գ.Ծառուկյանն անձամբ պետք է ներկայացներ պարզաբանումներ ու չի ներկայացրել, Ն.Զոհրաբյանը նշեց. «Մոտ 2 շաբաթ առաջ Գալուստ Սահակյանը կրկին նամակով դիմել էր լրացուցիչ պարզաբանումներ ակնկալելով Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ մինչև հաջորդ օրվա ժամը 16:00-ն, և ես անձամբ լրացուցիչ պարզաբանումներ ժամը 15:50-ին ներկայացրել եմ պարոն Գալուստ Սահակյանին»:

Մեր հարցին՝ արդյոք խնդիրը կարելի՞ է համարել փակված, ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Ես ենթադրում եմ, որ եթե Գալուստ Սահակյանը Գագիկ Ծառուկյանի բացակայությունները համարել է հարգելի, ապա չեմ կարծում, որ նույն պարզաբանումների դեպքում հանկարծ այդ բացակայությունները կարող են դառնալ անհարգելի»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս