Ա. Սիմոնյանը՝ ՀԱԿ-ի մասին. «Կոպիտ ասած՝ Սերժ Սարգսյանին պահում են իշխանության մեջ, ի՞նչ ընդդիմության մասին է խոսքը»

«Փորձենք հասկանալ՝ ինչումն է կայանում ՀԱԿ-ի ընդդիմադիր լինելը: Արտաքին քաղաքականության մեջ այդ կազմակերպության հայացքը 100%-ով համընկնում է իշխանությունների հետ, ներքին գործելաոճը համընկնում է: Այսինքն՝ մեզանից բացի՝ բոլորը ստոր են, սրիկա են, կամ մեզ հետ ես, կամ մեր դեմ ես»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ արդեն 7 տարի է՝ փորձ է արվում մոնոպոլիզացնել ընդդիմադիր դաշտը, և դրա հետևանքով՝ ո՛չ իշխանափոխություն է լինում, ո՛չ էլ որևէ բան է փոխվում. «Կոպիտ ասած՝ Սերժ Սարգսյանին պահում են իշխանության մեջ, ի՞նչ ընդդիմության մասին է խոսքը»:

Ա. Սիմոնյանի խոսքով՝ ՀԱԿ-ը միանում է իշխանության մաս կազմած, իր պատասխանատվության բաժինն ունեցող կուսակցության հետ, որը նախարարներ է ունեցել, մինչև վերջին շրջանը իշխանության մաս է կազմել. «Ու հայտարարվում է, որ սա է իրական ընդդիմությունը և սրանով է փոխվելու. ի՞նչը ի՞նչով է փոխվելու: Այդ ուժերից որևէ մեկը չի կարող հպարատանալ, որ իր կառավարման ժամանակ քաղբանտարկյալ չի եղել: Քաղբանատարկյալ եղել է և՛ երբ ԲՀԿ-ն եղել է իշխանության մաս, և՛ ՀԱԿ-ի առաջնորդի իշխանավորման ժամանակ: Այսինքն՝ մենք ի՞նչը ինչի՞ հետ ենք ուզում փոխեինք և ինչի՞ մասին էինք խոսում: Դրա համար ենք մենք հիմա առաջ քաշում ինտիտուցիոնալ ընդդիմություն հասկացությունը, որպեսզի խուսափենք նաև նման բաներից»:

Հարցին՝ նույնը կարելի՞ է ասել նաև ՕԵԿ-ի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ նա ևս եղել է իշխանության մաս, այն չի՞ կարող ներկայացնել իրական ընդդիմություն, Ա. Սիմոնյանն այսպես պատասխանեց.

«Այո, համարում եմ, որ ՕԵԿ-ը ունի պատասխանատվության բաժինը, և դժվար եմ տեսնում նրան ընդդիմության մեջ»:

ՕԵԿ քաղաքական խորհրդի անդամ Արթուր Միասկյանն էլ հակադարձեց՝ ասելով, թե ՕԵԿ-ը երբևէ չի խուսափել իր բաժին պատասխանատվությունից. «Մենք եղել ենք թե՛ իշխանության մեջ, թե՛ ընդդիմադիր դաշտում, և մեր արածների, գործունեության համար միշտ էլ կրել ենք պատասխանատվություն այնքանով, որքանով պատասխանատու ենք եղել այդ զարգացումների և գործընթացների համար: Մենք երբեք չենք խուսափել մեր բաժին պատասխանատվությունից»:

Նա նկատեց, որ երբ ուզում են ՕԵԿ-ի վերաբերյալ ինչ-որ վարկաբեկիչ բան ասել, ասում են՝ մարտի 1, բայց ՕԵԿ-ը մարտի 1-ի հետ կապ չունի. «ՕԵԿ-ը մարտի 1-ին չի եղել իշխանության մաս, հետևաբար՝ չէր կարող որոշում կայացնել կամ մասնակցություն ունենալ մարտի 1-ի հետ կապված»:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ից հետո ՕԵԿ-ը մաս կազմեց իշխող կոալիցիային:

 

 

Տեսանյութեր

Լրահոս