Ազգային ժողովում քննարկվում է պաշտոնաթող նախագահի կենսաթոշակի մասին օրինագիծը

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

Աշխատանքի և սոցիալական հարերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց, որ օրենքով՝ նախագահի պաշտոնաթողությունից հետո ՀՀ Նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` ՀՀ Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70 % չափով: Նշված հատուկ կենսաթոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող Նախագահը վարում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում է ՀՀ Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70 % չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա ստանում է նշված հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը: Պաշտոնաթող Նախագահը ներկայումս կահավորված գրասենյակով ապահովվում է մինչև իր 70 տարին լրանալը:

Ա.Ասատրյանը նշեց, որ նախագծերով առաջարկվում է ՀՀ պաշտոնաթող Նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ` ՀՀ Նախագահի աշխատավարձի 70 % չափով: Առաջարկվում է նաև սահմանել, որ ՀՀ պաշտոնաթող Նախագահը կահավորված գրասենյակով ապահովվում է ցմահ:

Պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, թե սա ինչ կենսաթոշակ է, պետք է պարգևավճար կոչել. «Մի որևէ բանվոր պակա՞ս սոցիալական խնդիր ունի, որ նախագահին այդքան առաձնացնում եք: Ինչո՞ւ եք սա դիտում կենսական պայմաններ ապահովող խնդիր: Սա տվյալ անձի հանրային նշանակության հարց է, ոչ թե կենսապահովման: եվ պետք է կոչվի պարգևավճար»:

ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ եթե նախագահին նման հատուկ կենսաթոշակ է տրվում, ապա նույն կերպ պետք է վերաբերվել երկրի երկրորդ և երրորդ դեմքերին՝ ԱԺ նախագահին ու վարչապետին:

Տեսանյութեր

Լրահոս