Ինչ գնահատականներ են ստացել ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուները և ինչու է Վիգեն Քոչարյանը փոխարինվել Լիանա Հակոբյանով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող են ճանաչվել Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, «Իրավունքի գերակայություն» և «Ֆորում» իրավունքի կենտրոն հկ-ների մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ դասախոս Արայիկ Ղազարյանը և ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը:
Թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գնահատման արդյունքում մրցույթին մասնակցած 14 հավակնորդները ստացել են հետևյալ գնահատականները՝
1.Արմեն Հարությունյան – 91,67 միավոր
2. Արայիկ Ղազարյան – 88,86 միավոր
3. ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյան – 88,42 միավոր
4. Փաստաբան Վահե Գրիգորյան – 84,70 միավոր
5. «Լեգալատա» ՍՊԸ մարդու իրավունքների պաշտպանության բլոկի պատասխանատու, փաստաբան-գործընկեր Դավիթ Հակոբյան – 81,17 միավոր
6. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյան – 73,79 միավոր,
7. ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյան – 71,65 միավոր,
8. Գլխավոր իրավախորհրդատու. Վալլեքս խմբի ընկերություններ, Գործընկեր. Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոն Արտյոմ Գեղամյան – 70,31 միավոր
9. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Մարգարյան – 68,16 միավոր
10. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյան – 66,78 միավոր
11. Երևան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյան – 63,91 միավոր
12. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյան – 52,29 միավոր
13. «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ ադմինիստրատիվ ծառայությունների վարչության պետ) Էդուարդ Աշոտի Մկրտչյան – 49,32 միավոր
14. ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյան – 46,04 միավոր:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հաստատված կարգի համաձայն՝ հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով ամենաբարձր միավորներ ստացած հարցազրույցի 3 մասնակիցներն ընդգրկվում են մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակում, եթե ապահովված է սեռերի ներկայացվածության սկզբունքը:
Եթե ամենաբարձր միավորներ ստացած հարցազրույցի 3 մասնակիցներն էլ նույն սեռի են, ապա հանձնաժողովն իր որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացածին փոխարինում է հարցազրույցի փուլի գնահատման արդյունքում ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած հակառակ սեռի մեկ հարցազրույցի մասնակցով:
Հաշվի առնելով այն, որ 1-3-րդ տեղերը զբաղեցնող թեկնածուները արական սեռի ներկայացուցիչներ են՝ մրցութային հանձնաժողովը երրորդ տեղը զբաղեցրած հավակնորդին՝ Վիգեն Քոչարյանին, փոխարինել է առավելագույն միավորը հավաքած իգական սեռի ներկայացուցչով՝ Լիանա Հակոբյանով:
Այս ցուցակը պետք է ներկայացվի նախագահ Սերժ Սարգսյանի հաստատմանը:
Հիշեցնենք, որ սա ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների արդեն երկրորդ մրցույթն է: Առաջին մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվածների ցուցակում ընդգրված էին Արմեն Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը, ինչպես նաև Նելիկ Հարությունյանը:
Հետագայում, սակայն, նախագահի այս հրամանագիրն ուժը կորցրած էր ճանաչվել, ինչի առնչությամբ տարածված հաղորդագրության մեջ ՀՀ արդարադատության նախարարությունը նշել է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների ՄԻԵԴ դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խումբը երեք թեկնածուների վերաբերյալ կարծիք է հայտնել, որ թեկնածուներից Արայիկ Ղազարյանը և Արմեն Հարությունյանը, բավարարում են ՄԻԵԴ դատավորին ներկայացվող պահանջներին:
«Անդրադառնալով Հանձնաժողովի կողմից սեռերի ներկայացվածության սկզբունքի կիրառման արդյունքում թեկնածուների ցուցակում ընդգրկված Նելիկ Հարությունյանին՝ Խորհրդատվական խումբը նշել է, որ վերջինիս մասնագիտական որակավորումներն և փորձը հաշվի առնելով՝ հիշյալ թեկնածուն Եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող համարվել բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ, ինչը պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորից»,- նշված էր հաղորդագրության մեջ:



