Բաժիններ՝

Իշխանությունը հիմնական ստվերի դեմ չի կարողանում կամ չի ուզում կռվել. Ռուբիկ Հակոբյան

«Շրջանառության հարկի մասին» օրինագիծը լեգիտիմացնում է, որ փաստաթղթավորման բացակայության դեպքում ստվերը մնա: Նման տեսակետ այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Ըստ նրա՝ իշխանությունը հիմնական ստվերի դեմ չի կարողանում կամ չի ուզում կռվել և ուզում է պայքարել այն մարդկանց միջոցով, որ կամ պարտվել են, կամ տուժել են մոնոպոլիաների պատճառով:

Ռ.Հակոբյանը նշեց, որ ավարտվել է այդ կիսաօրինական փուլը, պետք է գնալ նորմալ տնտեսական հարաբերությունների ստեղծմանը, և նրանք, ովքեր պետք է պայքարեն ստվերի դեմ, չպետք է լինեն կոռուպցիայի դաշտում: Պատգամավորը վկայակոչեց աշխարհում հայտնի խոսքը՝ նա, ով զբաղվում է կոռուպցիայով, չի կարող վերահսկել կոռուպցիան:

«Միջին կրթական մակարդակ ունեցող մարդը հասկանում է, որ Դուք չեք պայքարում կոռուպցիայի դեմ: Դուք օգնության կարիք ունեք և այդ օգնող սուբյեկտը ընդդիմությունն է, բայց մերժում եք նրան: Կոռուպցիայի դեմ պայքարի վերահսկողությունը պետք է իրականացվի ընդդիմության կողմից»,- ասաց Ռ.Հակոբյանը՝ հավելելով, որ իսկապես «բոմժանոցի» է նմանվել պետությունը, պարբերաբար որևէ խումբ բողոքի է դուրս գալիս, երեկ էլ տաքսիստներն էին բողոքի ելել, և խնդիրը նրանում է, որ բոլոր ոլորտներում կիսատ օրենքներ են ընդունում ու ժողովրդին կրակն են գցում, տնտեսությունն էլ տանում են ախոռ:

Ըստ նրա, թեև օրինագիծը բովանադակությամբ լավն է, բայց իրադրային լուծում է տալիս. «Կամք ունեցեք և բիզնեսը տարանջատեք իշխանությունից: Համակարգային խորը ճգնաժամի ժամանակ չի կարող իշխանությունն ինքը պայքարել կոռուպցիայի դեմ: Ո՞վ չգիտի, որ այսօր առանձին ընտանիքներ են վերահսկում տնտեսությունը, ոչ թե օրենքը»:

Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրինագծով առաջարկվում է ՓՄՁ-ի համար շեմը 58,35 մլն դրամից բարձրացնել 113,4 մլն դրամ, փաստաթղթավորման դեպքում հարկել 1.5%-ով, իսկ ապրանքների այն հատվածը, որ ապահովված չի լինի փաստաթղթով՝ 5%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031