«Տեր-Պետրոսյանի մոտ չի ստացվելու։ Մենք փորձում ենք նրան ուժ չտալ մեզնով». Ալեն Սիմոնյան

«Արժի՞, որ ընդհանրապես գնահատական տամ։ Կարծում եմ՝ այնտեղ գնահատական տալու բան չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Ալեն Միմոնյանը։ Ըստ նրա՝ այսօր ՀԱԿ-ը և իր առաջնորդը խնդիր ունեն վերակենդանանալու, ինչ-որ տեղից ուժ քաղելու։

«Այդ ուժը սկզբից փորձեցին քաղել «Բարգավաճ Հայաստանից»՝ չստացվեց։ Հիմա փորձում են քաղել այն մարդկանցից, կազմակերպություններից, որոնց մասին առաջին նախագահը հայտարարեց, որ չի խոսելու»,- ասաց Ալեն Սիմոնյանը և հիշեցրեց, որ անցյալ տարվա ոչ իշխանական եռյակի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ այլևս չի անդրադառնալու «մարգինալ» ուժերին, բայց հիմա փորձում է այնտեղից ուժ քաղել, արտաքին ինչ-որ թշնամի ձևավորել և դրա շուրջ համախմբվել։ «Ինչպես այս տարիները ցույց տվեցին՝ դա ՀՀ առաջին նախագահի մոտ չի ստացվելու։ Մենք փորձում ենք նրան ուժ չտալ մեզնով»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս