Ֆլորա Մարտիրոսյանի որդուն Լոս Անջելեսում ձերբակալել են մահացու վրաերթի համար. news.am
Լոս Անջելեսում ձերբակալել են ապօրինի փողոցային մրցարշավի ժամանակ 2 մարդու մահացու վրաերթի ենթարկած Հենրի Մայքլ Գեւորգյանին։ NEWS.am-ի աղբուրների փոխանցմամբ, Հենրի Գեւորգյանը հայտնի երգչուհի, վաղամեռիկ Ֆլորա Մարտիրոսյանի որդին է։
Հենրիի մայրը՝ Ֆլորա Մարտիրոսյանը մահացել էր 55 տարեկան հասակում 2012թ.-ի նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքի հիվանդանոցներից մեկում լեղապարկի վիրահատությունից հետո: Իսկ Հենրիի հայրը՝ Հրահատ Գեւորգյանը, մահացել էր կնոջ մահվանից ուղիղ մեկուկես տարի անց, նա առողջական խնդիրներ ուներ:
Կայքն ավել վաղ հայտնել էր, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը պարզել է վարորդի ինքնությունը, որն ապօրինի փողոցային մրցարշավի ժամանակ բախվել էր փողոցում կանգնած մարդկանց։ Տեղի ունեցած վթարի հետեւանքով երկու մարդ էր զոհվել, եւս մեկը վիրավորվել էր։ Վթարի կապակցությամբ ոստիկանները որոնում էին 21-ամյա Հենրի Մայքլ Գեւորգյանին։ Վթարի ժամանակ նա է եղել Ֆորդ Մուսթանգ մեքենայի ղեկին։ Երբ նա հետապնդել է մեկ այլ մեքենայի, չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է մայթին կանգնած մի խումբ անձանց։
20-ամյա մի տղամարդ մահացել էր տեղում, երկրորդը՝ մահացել էր Նորթրիջի հիվանդանոցում։ Պարզվել էր, որ զոհերից մեկը 26-ամյա Էրիկ Սիգուենսան է, իսկ հիվանդանոցում մահացածի ընտանիքը խնդրել էր չհրապարակել նրա ինքնությունը։ 21-ամյա Լուիս Անտոնիո Գոնսալեսը հիվանդանոցում է, ծանր, բայց կայուն վիճակում։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: