
Դուրիցկայան չի կարծում, թե Նեմցովին սպանել են խանդի հողի վրա

Ռուսական Дождь հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Բորիս Նեմցովի սպանության վկա, ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայան հայտարարել է, որ չի տեսել հանցագործին, քանի որ նա գտնվել է իր թիկունքում. «Ես չգիտեմ, թե որտեղից հայտնվեց նա: Նա եղել է իմ թիկունքում»:
Դուրիցկայան հայտնել է, որ երբ շրջվել է, տեսել է վառ գույնով ավտոմեքենա, ապա դիմել է ձյուն մաքրող մեքենայի վարորդին, որպեսզի նա զանգահարի ոստիկանություն: Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում հայտնվել են մոտ 10 րոպե անց:, ինչից հետո Դուրիցկայան տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք:
Դուրիցկայան հայտարարել է, թե չի կարծում, թե կատարված հանցանքի հնարավոր պատճառը եղել է խանդը: Նա ընդգծել է, որ Նեմցովի հանդիպել է շուրջ երեք տարի: Դուրիցկայան նշել է, որ ամենայն հավանականությամբ չի մասնակցի Նեմցովի հուղարկավորությանը, քանի որ իրեն թույլ չեն տալիս գնալ որևէ տեղ:
Նեմցովի հուղարկավորությունը Մոսկվայում տեղի է ունենալու վաղը: