Դինքի սպանության հարցում չեմ տեսնում պաշտոնական անփութություն. Էրդողան
Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սաուդյան Արաբաիա մեկնելիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Ստամբուլի «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության դատավարությանը:
Էրդողանը մեկնաբանել է 2014 թվականի հուլիսին գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղի արած այն հայտարարությանը, որ եթե բացահայտվի Դինքի սպանության գործը, ապա շատ բան հայտնի կդառնա նաև «զուգահեռ կառույցի» (գյուլենականներ) մասին:
Էրդողանը չի համաձայնվել Բաշբուղի հետ՝ նշելով, որ իր կարծիքով՝ Դինքի սպանությունն անհատական գործ է եղել, իսկ «զուգահեռ կառույցը» իր առջև դրել էր ազգային անվտանգությանը սպառնացող մեծ նպատակ՝ իշխանությունը զավթելը, սակայն Դինքը ներկայացված չի եղել իշխանություններում:
Մեկնաբանելով Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի նահանգի ոստիկանության հետախուզական բաժանմունքի պետ Ռամազան Աքյուրեքի ձերբակալությունը՝ Էրդողանը հայտարարել է.
«Ես իրավաբան չեմ, սակայն այստեղ չեմ տեսնում անփութություն: Տվյալ դեպքում կատարվել է կանխամտածված սպանություն: Դա անփութություն չէ: Այդ գործի մանրամասները կպարզվեն, և ամեն ինչ կլինի ավելի պարզ»: