Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը խախտած անձի
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը խախտողի: Այս մասին հայտնել է գերատեսչության մամլո ծառայությունը:
Աղբյուրի համաձայն՝ փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը Գյումրու սահմանապահ ջոկատի սահմանային ուղեկալներից մեկը տագանապի ազդանշան է ստացել սահմանի պահպանման տեխնիկական միջոցներից: Դեպքի վայր ժամանած խումբը հայտնաբերել է անհայտ անձի հետքեր, որոնք տարել են դեպի Հայաստանի տարածքի խորքեր:
Դրա հետ կապված՝ սահմանապահ ջոկատի ղեկավարությունը կազմակերպել է պետական սահմանը խախտողին փնտրելու աշխատանքներ: Օպերատիվ ձևով իրազեկվել են հանրապետության իրավապահ մարմինները: Մի քանի ժամվա որոնումներից հետո սահմանապահները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձերբակալել են նրան:
Անձնական զննման ժամանակ սահմանախախտի մոտ հայտնաբերվել է Չեխիայի Հանրապետություն վերադառնալու մասին վկայական: Գործող օրենսդրության համաձայն՝ ձերբակալվածը հանձնվել է Հայաստանի ԱԱԾ-ի աշխատակիցներին: Ձերբակալվածի ինքնությունը կամ քաղաքացիությունը չեն հրապարակվել: