Ներսես Նազարյանի որդին՝ Հայաստանը լքելու և կուտակված պարտքերի մասին
«Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատեր, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյան որդին` Արմեն Նազարյանը, չի պատրաստվում ընտանիքով հեռանալ Հայաստանից ու բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Մամուլում շրջանառվող այս լուրն այսօր 168.am-ի հետ զրույցում հերքեց անձամբ Արմեն Նազարյանն ու դրանք անվանեց «անհեթեթ խոսակցություն»:
«Ոչ մի բան չի կատարվում, ամեն ինչ նորմալ է: Որ գրվում է, թե ես գնում եմ երկրից, կամ՝ «Մոսկվիչկան» սնանկացման է գնում, ոչ մի նման բան չկա: Պրոցես է գնում, ունենք ֆակտորինգ արված բանկերի հետ, դա կմարենք մոտակա օրերս, մնացածն էլ ընթացքում կարգավորում ենք, բանակցում ենք մատակարարների հետ գումարները մարելու համար: Այդքան բան»,- ասաց Ա.Նազարյանը:
Դիտարկմանը, որ մատակարարներից ոմանք բողոքում են, որ Նազարյանները չեն բանակցում իրենց հետ ու չեն արձագանքում զանգերին, Ա.Նազարյանը պատասխանեց. «Չէ, չկա նման բան, բոլորի հետ բանակցում ենք, գրասենյակն աշխատում է: Ուղղակի իրավիճակն է այսպես ստացվել, ու հիմա կարգավորում ենք»:
Հարցին, թե ինչո՞ւ է փոխվել խանութների ցանց աշխատեցնող ընկերությունը և նախկին «Բիզնես լիդեր հոլդինգի» փոխարեն՝ այսօր այն աշխատեցնում է «Ռոյալ իգլ» ընկերությունը, Ա.Նազարյանը պատասխանեց, որ փոխությունն արվել է, որպեսզի ցանցն իր հունով նորմալ աշխատի, «Բիզնես լիդերն» էլ իր հարցերը լուծի. «Բոլոր պարտքերը հին ֆիրմայի վրա է, որը պարտավորվում է բոլոր մատակարարների պարտքը մարել ու ժամանակի ընթացքում մարում է»:
Նա չպատասխանեց հարցին, թե ի՞նչ իրավաբանական ձևակերպումով է խանութների ցանցն անցել նոր ընկերությանը, արդյոք նվիրատվությո՞ւն է եղել: «Նման բան չկա, նոր ֆիրմա է, ինձ հարազատ մարդու անունով է ու ընդհանրապես կապ չունի»,- պատասխանեց նա:
Հիշեցնենք, որ տեղական արտադրողներից շատերն անհանգստացած են մամուլում հայտնված լուրերից, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանը պատրաստվում է ընտանիքով տեղափոխվել ԱՄՆ:
168.am-ի հետ զրույցում «Մոսկվիչկային» ապրանք մատակարարած մի քանի գործարարներ նշել էին, որ դեռևս անցած տարվա կեսերից Նազարյաններն իրենց պարտք են 500 հազարից մինչև տասնյակ միլիոնավոր դրամ ու, եթե այժմ պատրաստվում են լքել երկիրը, ո՞վ է վճարելու այդ գումարները:
Էլեկտրոնային ռեգիստրի կայքում առկա տեղեկատվության համաձայն` «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցն այժմ պատկանում է 2014 թ. հոկտեմբերի 9-ին ստեղծված «Ռոյալ իգլ» ընկերությանը, որի հիմնադիրն է ոմն Արայիկ Ռաֆիկի Մխիթարյան, և, որը գրանցված է բնակելի տան հասցեով: Ու թեև նախկինում սեփականատերը «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ն էր, որի 100% սեփականատերն Արմեն Նազարյանն է, սակայն վաճառքի գործարք չի գրանցվել:
«Ռոյալ իգլը» զբաղվում է առևտրային գործունեությամբ, ոչ մի այլ տեղեկություն ընկերության մասին չկա: «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի դեմ մոտ 25 ընկերություն դատական հայց է ներկայացրել՝ պարտքի վերադարձի կամ սնանկության պահանջով: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ «Բիզնես լիդեր հոլդինգը» Երևանի Շամպայն գինիների գործարանին պարտք է 2.3 մլն դրամ, «Մարան» ՍՊԸ-ին` 732 հազար դրամ, «Աշտարակ Ձու» ՍՊԸ-ին` ավելի քան 2.6 մլն, «Կրուասան» ՍՊԸ-ին` ավելի քան 2 մլն, «Բոնիլատին»՝ 4.5 մլն դրամ, և այլն: Ուշագրավ է նաև, որ անցած տարի «Բիզնես լիդեր հոլդինգի» գործերն այնքան լավ են եղել, որ այն հայտնվել է 1000 խոշոր հարկատուների շարքում՝ 624-րդ հորիզոնականում՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ ընդհանրապես խոշոր հարկատու չէր համարվում:
Ըստ ամենայնի` Նազարյանները վաղուց են սկսել պատրաստվել այս օպերացիային, ու «Ռոյալ իգլը» ծնվել է «Բիզնես լիդեր հոլդինգը» սնանկության տանելու համար: Այս կերպ նրանք կազատվեն պարտատերերից: Երբ հոլդինգը սնանկ ճանաչվի, մատակարարները «Ռոյալ իգլին» չեն կարողանա որևէ պահանջ ներկայացնել, իսկ վերջինս օրենքի առաջ «մաքուր» կլինի: Նշենք, որ ընկերությունը նաև իր աշխատողներին է մի քանի ամսվա աշխատավարձ պարտք: Իսկ ցանցի 5 խանութներից այժմ գործում են միայն 2-ը` Սայաթ-Նովա և Հյուսիսային պողոտաներում: Մեր տեղեկություններով՝ Արմեն Նազարյանն իր ընկերական շրջապատում ասել է, որ այլևս անելիք չունի այստեղ ու տեղափոխվում է ԱՄՆ: Մեր աղբյուրները նաև նշում են, որ իշխանական շրջանակներում մտածում են սուպերմարկետների նոր ցանց ստեղծել, որը կմրցակցի «Երևան Սիթիի» հետ: Թե ինչո՞վ է սա պայմանավորված, ու որքանո՞վ է իրական այսօրվա պայմաններում, երբ մանրածախ առևտուրը հետզհետե նվազում է, արդեն այլ թեմա է: