Ասկերովի և Գուլիևի շուրջ «առևտուրը» և վերադարձնելու կոչերը տեղին չեն, եթե չկան հիմնավորումներ. Արթուր Սաքունց

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի, ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի կոչերը հայկական կողմերին՝ Ադրբեջանին վերադարձնել 2014թ. հուլիս ամսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամներին՝ դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ն և Դիլհամ Ասկերովին, շարունակում են մտահոգության առարկա մնալ դրանց դրդապատճառների չպարզաբանվածության պատճառով:

168.am-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադառնալով հնչած կոչերին և դիվերսանտներին «բանտարկյալ», «պատանդ» որակելու փորձերին՝ ասաց, որ հնարավորություն չի ունեցել դիտարկել ԼՂ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի անցկացրած դատական գործընթացը, որպեսզի եզրակացություն կազմի, թե որքանով են հիմնավորված եղել ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ առաջադրված մեղադրանքները: Հատկապես, ըստ նրա, խոսքը վերաբերում է նախաքննական մարմնի կողմից իրականացված քննության որակին` բազմակողմանիությանը, օբյեկտիվությանն ու լրիվությանը:

«Ես կարող եմ ընդամենը ենթադրություն կատարել, որ այդ մարդիկ այնուամենայնիվ սպանություն են կատարել` առնվազն երեխայի սպանություն, ինչը հանցագործություն է, այսինքն` նրանք հանցագործներ են: Հիշում ենք նաև Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Հունգարիայից Ադրբեջան, որին հետևեց Սաֆարովի ազատ արձակումը քրեակատարողական հիմնարկից: Դրա առնչությամբ ևս ԱՄՆ Պետքարտուղարությունն իր մտահոգությունն արտահայտեց: Ես չգիտեմ, թե որն է Պետքարտուղարության մոտիվը՝ նման կոչով հանդես գալու համար, որովհետև հարցին անդրադարձել էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մինչ այդ, և ԼՂ իշխանություններն առաջին հերթին՝ իրենց հարցը պետք է ուղղեն, այսպես կոչված, ռազմավարական գործընկերոջը` ՌԴ-ին, և պարզաբանում ստանան, թե որն է պատճառը, հիմնավորումը, շարժառիթը, որի հիման վրա ՌԴ-ն, ի դեմս իր ԱԳ նախարարի, հանդես է գալիս ի օգուտ այդ մարդկանց, որոնք մեղադրվել են մարդկանց սպանության մեջ, վերադարձի:

Նախ՝ պետք է սկսենք առաջին հայտարարությունից, ապա անդրադառնանք նաև երկրորդին` ԱՄՆ Պետքարտուղարությանը, որովհետև ինձ համար միանշանակ է, որ երկուսի նույնաբովանդակ կոչերը միանշանակ ունեն տարբեր դրդապատճառներ և տարբեր հիմնավորումներ և մոտեցումներ, բայց թե ինչպիսի՝ իրենք պետք է պարզաբանեն»,- մեկնաբանեց Արթուր Սաքունցը:

Կարդացեք նաև

Թեև, ըստ Սաքունցի, Պետքարտուղարությունն այնուամենայնիվ իր կոչով ներկայացրեց հիմնավորում, պնդելով, թե այդ մարդասիրական ժեստով կարող է նվազել լարվածությունը բաժանարար գծում: Հիմնավորում, Սաքունցի խոսքով, ռուսական կողմից չենք լսել: Իրավապաշտպանը նշեց, որ իր համար հասկանալի չէ, թե դիվերսանտների վերադարձն ինչպես կարող է հանգեցնել բաժանարար գծում լարվածության թուլացմանը, որովհետև ամիսներ առաջ հայկական կողմին պատկանող ուղղաթիռի ոչնչացումից հետո ուղղաթիռի անձնակազմի մարմինների վերադարձը խոչընդոտելու ադրբեջանական վարքագիծը լիովին անհամաչափ է մարդասիրական իրավունքի սկզբունքներին, թեև այդ ժամանակ ևս և՛ ԱՄՆ Պետքարտուղարությունը, և ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարությունների տեսքով լուրջ մտահոգություններ արտահայտեցին: «Կարծում եմ, որ սպանության մեջ մեղադրվող անձանց ետ վերադարձնելու կոչերի հիմնավորումները պետք է պատշաճ կերպով ներկայացնել: Չեմ բացառում, որ կա տեղեկատվություն, որին մենք չենք տիրապետում: Պետք է հստակ կերպով հանրությանը ներկայացվի, թե ինչում է կայանում նրանց վերադարձնելու կապը լարվածության թուլացման հետ: Մինչև այս հարցերին չտրվի հստակ պատասխան, կարծում եմ, որ պահանջները և կոչերը կմնան պարզապես կոչեր»,- ասաց Արթուր Սաքունցը` եզրափակելով, թե նման «առևտուրը» տեղին չէ, եթե չկա պարզաբանում:

 

Տեսանյութեր

Լրահոս