Վրաստանի կառավարությունը ներկայումս չի դիտարկում Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը. Բերուչաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը ներկա փուլում չի դիտարկում Աբխազիայի տարածքով Վրաստանի ու Ռուսաստանի միջև երկաթուղային ուղիղ հաղորդակցության վերականգնման հարցը:

Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին. «Դա շատ բարդ հարց է, որը կապված է բազմաթիվ նախադրյալների հետ: Վրաստանի կառավարությունը ներկա փուլում չի դիտարկում այդ հարցը»:

Աբխազական երկաթուղու վերաբացման հարցն ակտիվացել է 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով երկրում իշխանության եկավ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը:

Սրանից առաջ էլ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել էր, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ չեն քննարկում Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս