
Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է Մալաթիայում F-4 տիպի ինքնաթիռների կործանման պատճառը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Մալաթիա նահանգում F-4 տիպի մարտական երկու ինքնաթիռների կործանման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել էր 4 օդաչու:
Գլխավոր շտաբը հայտնել է, որ նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ աղետի պատճառ է հանդիսացել թռիչքի անվտանգ բարձրություն չպահպանելը. այն եղել է տվյալ շրջանի համար անվտանգ թռչելու թույլատրելի մակարդակից բավական ցածր:
Գլխավոր շտաբն ընդգծել է, որ RF-4E/TM ինքնաթիռները թռիչքի ժամանակ չեն ենթարկվել արտաքին ազդեցության, չեն բախվել միմյանց և եղել են տեխնիկապես սարքին վիճակում: Հայտարարության մեջ նշված է, որ այդ ինքնաթիռները ծառայել են Թուրքիայի զինված ուժերի մարտավարական հետախուզական կարիքների ապահովմանը: