2014 թվականին Վրաստանում ամենաշատը վարձատրվող նախարար է դարձել արդարադատության նախարարը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ծուլուկիանին դարձել է կառավարության ամենաշատ վարձատրվող անդամը:
Այս մասին հայտարարել է «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը՝ վկայակոչելով Հանրային ծառայության բյուրոն: ՀԿ-ը հաշվի է առել նախարարների ու նրանց տեղակալների աշխատավարձերը, պարգևատրումներն ու հավելումները:
ՀԿ-ն ընգծում է, որ 2014 թվականի հունվարին վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու արձակած հրամանի համաձայն՝ նախարարների աշախատավարձի հանդեպ ամսական հավելումները 4435 լարիից (մոտ 1900 դոլար) կրճատվել են մինչև 2710 լարիի (մոտ 1200 դոլար):
Գարիբաշվիլին ընդունել է, որ գործող կառավարության սխալներից մեկը եղել է պետական գերատեսչությունների աշխատակիցներին մեծ պարգևավճարներ տալը: Ընդ որում՝ նախարարների ամսական աշխատավարձն ու հավելումը՝ ներառյալ ԱԱՀ-ը, չպետք է գերազանցի 6250 լարին (մոտ 2760 դոլար):
Ծուլուկիանին 2014 թվականին ստացել է 87.500 լարի (ներառյալ ԱԱՀ-ը, մոտ 38.700 դոլար), որոնցից 42.480 լարին (մոտ 18.800 դոլար) կազմել է աշխատավարձը, իսկ 32.520 լարին (մոտ 14.400 դոլար)՝ հավելավճարները: Ծուլուկիանին մնացյալ գումարը՝ 12.500 լարին (մոտ 5530 դոլար), ստացել է պարգևավճարների և այլ հավելավճարների տեսքով:
Երկրորդ տեղում հայտնվել է Վրաստանի ներքին գործերի արդեն նախկին նախարար Ալեքսանդր Չիկաիձեն: Նա 2014 թվականին ստացել է 81.569 լարի (մոտ 36.000 դոլար), որոնցից 6569 լարին (մոտ 2900 դոլարը) կազմել են պարգևավճարն ու մյուս հավելավճարները:
Երրորդ և չորրորդ տեղերում հայտնվել են էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին և կրթության ու գիտության նախարար Թամարա Սանիկիձեն: Նրանցից յուրաքանչյուրը 2014 թվականին ստացել է 81.250 լարի (մոտ 35.900 դոլար):
Նախորդ տարվա արդյունքներով 75.000 լարի (մոտ 31.100 դոլար) են վաստակել զբաղվածության, առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն, փախստականների ու հարկադիր վերաբնակների հարցերով նախարար Սոզար Սուբարին:
Ինչ վերաբերում է արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին, ապա նա 2014 թվականին վաստակել է 72.856 լարի (մոտ 32.230 դոլար): Ընդ որում, մինչև նոյեմբերի 11-ը հանդիսանալով փոխարտգործնախարար՝ Բերուչաշվիլին ստացել է 34.215 լարի (մոտ 15.130 դոլար):