Կկանոնակարգվի ԵՏՄ-ից ներմուծվող դեղերի շրջանառությունը
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է կանոնակարգել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստան ներմուծվող դեղերի շրջանառությունը: Որոշմամբ սահմանվել է, որ նշված երկրներից դեղերը կարող են ներմուծվել միայն ստուգման և համապատասխանության հավաստագիր ստանալու դեպքում, ինչի շնորհիվ կբացառվի կեղծ դեղերի ներբերումը և շրջանառությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով, հարցն արծարծվել է նաև ՀՀ առողջապահության նախարարության հաշվետվության ընթացքում, և նախարարությունը լուրջ անելիք ունի ոչ միայն ԵՏՄ երկրներից, այլև երրորդ երկրներից դեղերի ներմուծման, ինչպես նաև արտահանման խնդրում: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հարցը քննարկել բոլոր պատկան մարմինների հետ և միասնական որոշում կայացնել: «Սա մեզ համար գերակա խնդիր պետք է լինի, որպեսզի արագորեն լուծվեն առկա հիմնահարցերը, մանավանդ, որ հասարակությունը հաճախ է դժգոհում ոլորտից»,- հավելել է վարչապետը:
ՀՀ կառավարության 2014թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման համաձայն սոցիալական պաշտպանության քաղաքականության ուղղություններից է ինտեգրված սոցծառայությունների համակարգի կայացումը՝ սոցիալապես անապահով անձին (ընտանիքին) որակյալ և մատչելի, իր կարիքներին համարժեք, «մեկ պատուհանի» սկզբունքով սոցիալական համալիր ծառայությունների տրամադրման միջոցով: Նոր որոշման ընդունմամբ ապահովվում է «մեկ պատուհանի» սկզբունքի արդյունավետ իրացումը և այդ գործընթացի կազմակերպումը մեկ միասնական մարմնի կողմից:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում», «Առողջապահական համակարգի հզորացում» և «ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի աջակցություն» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվները:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությանը, ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարել վեցամսյա ժամկետում մշակել հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունն ապահովող միջոցառումների ցանկը և ներկայացնել կառավարության հաստատմանը: